Showing posts with label Վազգեն Օվյան. Show all posts
Showing posts with label Վազգեն Օվյան. Show all posts

7.10.2017

Վախկոտ մարդու հեքիաթը


Վախկոտ մարդն ապրելուց այնքան է վախենում, որքան մեռնելուց։ Բարձր շենքերի կողքով չի անցնում. կարող է վերևից մի աղյուս կամ քար ընկնել գլխին։ Փողոցով զգույշ է քայլում, որպեսզի չկոխի ինչ-որ տիկնոջ ոտք, և այդ ինչ-որ տիկնոջ ոտքը հանկարծ դուրս չգա իր պետի կնոջ ոտքը։
Վախկոտ մարդը մեծ հաճույքով նարդի կխաղա, բայց չի խաղում, որովհետև կարող է տանուլ տալ։ Կարող է ժողովներում քննադատել իրենց արհկոմին, բայց չի քննադատում, որովհետև արհկոմի նախագահը պետի հետ ապրում է միևնույն փողոցում։
Վախկոտ մարդը աշխատանքից շուտ է տուն դառնում, որ կինն իրեն չկասկածի դավաճանության մեջ։ Կինո չի գնում, թատրոն չի գնում, գիրք չի ընթերցում, որպեսզի սխալ կարծիք չհայտնի տեսածի, լսածի ու կարդացածի մասին։
Վախկոտ մարդը համարձակորեն զբաղվում է հումակերությամբ, որպեսզի ավելի երկար քարշ տա իր ողորմելի գոյությունը...

3.04.2016

Օգնություն սկսնակ սիրահարներին


Այ տղա, անունդ ի՞նչ է։ Առաքե՞լ... Չէ, Առաքելը հնացած անուն է, ապագա սիրածիդ այդ անունով չներկայանաս։ Առնոլդն ավելի հարմար է։ Գիտես, չէ՞, ժամանակակից աղջիկներն իմպորտնի անուններով այնքան են հրապուրվում, որքան իմպորտնի հովանոցներով, կոշիկներով ու երաժշտությամբ։ Ա՛յ, մեր հարևանի տղան տանն է մնացել, առնող չկա, որովհետև անունը Մովսես է։ Փոխանակ Մոպսիկ, Միկո, Ջիկո, Դիկո, Միլորդ Մոնտեկառլո կամ Կառլամենտո լինի, Մովսես է։ Բա Մելորա կամ Միմի անունով աղջիկը ո՞նց պսակվի Մովսես անունով տղայի հետ։

Հա, սիրելի Առաքել... ներողություն, Առնոլդ կամ Ակսոլդ, որոշել ես ծանոթանալ մի սիրուն աղջկա հետ և պսակվե՞լ։ Դու էլ, երևի, գիտես, որ սիրուն աղջիկները շատ են ու բազմազան, ինչպես, ասենք, այն ներկերը, որոնց օգնությամբ աղջիկներն ավելի են սիրունանում, մայրիկները օրիորդներ են դառնում, տատիկները՝ ջահել տիկիններ... Բայց դու չխաբվես գույներով, հանկարծ չկպչես մի թխահերի, այդ թխահերը կարմրահեր կամ շիկահեր դուրս կգա։
Որպեսզի չխաբվես, մի քանի օր կնստես բաղնիքի կողքին ու աչքդ վրան կպահես, տեսնես լողարանից ո՞ր աղջիկն է իր բնական գույնով ու դեմքով դուրս գալիս։ Տես, հա՜, կանանց «Կոսմետիկայի» դռան մոտ չկանգնես. տգեղները «Կոսմետիկա» են մտնում՝ գեղեցիկ դուրս գալիս, գեղեցիկները մտնում են՝ տգեղ դուրս գալիս։
Եվ այսպես, ծանոթացե՞լ ես սրտիդ ուզած աղջկա հետ... Բայց տես, հա՜, սրտիդ թելադրանքով չգնաս, որովհետև մարդուս սիրտն ու ուղեղը տարբեր բաներ են, ինչպես որոշ մարդկանց խոսքն ու գործը։ Սիրտը թույլ կամքի տեր արարած է, ում փեշից բռնեց, կասի՝ բաց չթողնես։ Ուղեղն ուրիշ է, հազար ու մի բջիջ ունի, այդ բջիջներով պիտի անցկացնես սրտիդ ընտրածին, որպեսզի խախալի, մաղի, հունցի, քացախացնի և նոր միայն իր խոսքն ասի։
Ծանոթացար պրծա՞ր։ Հիմա էլ պիտի իմանաս, թե ովքեր են աղջկա ծնողները, ամիսը որքան աշխատավարձ են ստանում, եկամտի ինչ աղբյուրներ ունեն, այդ աղբյուրները վարա՞ր են, թե՞ մեր քաղաքի շենքերի հինգերորդ հարկերի ծորակների նման են...

Մոռացա ասել. աղջիկն իր սովորության համաձայն, սկզբում մի քիչ չեմ ու չեմ պիտի անի։ Բա ո՜նց, իսկույն գիրկդ չի նետվելու, թե ես քեզ համար խելագարվում եմ։ Նախ և առաջ կասի՝ դեռ երեխա եմ, ուսումս պիտի շարունակեմ... Չնայած չորս-հինգ տարի է՝ ինստիտուտի դռներն է մաշում, բայց ոչ շպարգալկաներն են օգնում, ոչ ծանոթությունը, ոչ էլ ազդեցիկ ազգականի հեռախոսազանգերն ու փողը։ Ախր, ի՞նչ երեխա, երեխաները մանկապարտեզ են գնում և քանիերո՜րդ անգամ լսում են իրենց դաստիարակչուհու պատմած «Կարմիր գլխարկ» հեքիաթը։

Ուրեմն՝ ճանկեցի՞ր աղջկա սրտի բանալին... Այստեղ քեզ ի՞նչ է մնում՝ այդ բանալիով բանալ նաև աղջկա ծնողների սրտի դռները։ Չէ՛, օժիտի մասին չխոսես, ուղղակի հետախուզության կարգով նայիր ապագա աներոջդ ու զոքանչիդ աչք-ունքին, տես քանի «Վոլգայի» ու «Ժիգուլիի» փող ունեն, թիկունքներում ինչպիսի մարդիկ են կանգնած, ում հետ են նստում-վերկենում, սեղանին քանի աստղանի կոնյակի շիշ են դնում... Աշխատիր ապագա զոքանչիդ սիրտը մտնել, մեկ-մեկ էլ նրան շփոթիր սիրածիդ հետ, որպեսզի օժիտի «Ժիգուլին» «Վոլգա» դառնա։ Լավ իմացիր, այդ հարցում հայրն այնքան կարևոր չէ, որքան մայրը։
Հետախուզությունդ ավարտեցի՞ր...

Դե՛, հիմա կարող ես նշանվել։ Հիշիր, սա շատ կարևոր հանգամանք է՝ մեկ, երկու ոսկե մատանիով չբավարարվես, նշանածիդ թևը ոսկե ժամացույց էլ կապիր, վզից ոսկե մեդալիոն կախիր, ականջից՝ սուտակե օղեր... Կորած տեղ չի, էլի ձեր տունն է բերելու։
Նշանվեցիր պրծա՞ր...
Չշտապես պսակվել և ժամանակից շուտ ամուսնական լծի տակ ընկնել, մեկ էլ տեսար, վիզդ ջարդվեց։ Մի երկու-երեք տարի էլ նշանված մնա, շաբաթը երկու-երեք անգամ վայելիր աներոջդ սեղանի առատ բարիքները։ Դեռ կարող ես նրանց հաշվին հարսնացուիդ հետ շուրջերկրյա ճանապարհորդություններ կատարել, աշխարհներ տեսնել ու մի անգամ էլ համոզվել, որ երկրագունդն, իրոք, կլոր է։

Այսքանից հետո քեզ ի՞նչ է մնում՝ պսակվել։ Հիմա էլ պիտի մտածես, թե ինչպիսի մարդկանց ես հրավիրում հարսանքիդ, հրավիրվածները ինչպիսի նվերներ պիտի բերեն, որ և՛ հարսանքի ծախսերը հիմնովին փակես, և՛ դեռ մի այդքան էլ շահույթ ստանաս։
Պսակվեցի՞ր... Ապրես, սրանից դենը այլևս չեմ կարող քեզ խորհուրդներ տալ, որովհետև արդեն շատ մեծ փորձ ես կուտակել և ուրիշներին էլ դու կարող ես խելք սովորեցնել։ Կարող ես նաև մի քանի անգամ ևս հաջողությամբ պսակվել, բայց, խոսքը մեր մեջ, այդ մեկը խորհուրդ չեմ տալիս, որովհետև ծխելու կամ խմելու նման հետագայում դա կարող է վատ սովորություն դառնալ, սովորությունն էլ՝ բնավորություն...
Դե ինչ, հաջողություն քեզ։ Ամուսնական երկար տարիների երջանկություն եմ ցանկանում։

11.26.2015

ԶՐՈՒՅՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ


Կուլտարան պահանջում է, որ մեկը մյուսիս սիրենք ու հարգենք, լինենք նրբանկատ ու զգույշ, մեծահոգի ու մեծասիրտ։
Եթե խնամիդ քո բանջարանոցի ջուրը կտրում ու իր բանջարանոցն է ջրում, կարիք կա՞ զուր տեղը սկանդալ սարքել։ Լա՞վ կլինի, որ նրա բանջարանոցը չորանա, քոնը կանաչի։ Դու սեղանդ զարդարես թաղից նոր կտրած վարունգով ու պոմիդորով, ռեհանով ու տաքդեղով, իսկ ինքը վիզը ծռած նայի ու բերանի ջուրը գնա։

Թե ազնիվ խնամի ես, թող քո բանջարանոցը չորանա ու քո բերանի ջուրը գնա։
Խանութում թարմ ձուկ են վաճառում, հերթը մոտ է, և մեկ էլ նայում տեսնում ես հարևանդ կանգնած է պոչում։ Մարդը որքա՞ն պիտի սպասի, որ հերթը հասնի իրեն։ Պարտադի՞ր է, որ այդ օրը դու թարմ ձուկ տապակես, հոտը գցես նրա քիթը։ Բա նա ի՞նչ կասի մտքի մեջ. «Փուշը բկիդ մնա,- կասի,- այդ ձուկը լեղի դառնա, քեզ սպանի»։
Որպեսզի ձուկը լեղի չդառնա՝ քեզ սպանի և ոչ էլ փուշը բկիդ մնա, տեղդ զիջիր նրան, այդ օրն էլ պոմիդորով, ձվածեղով յոլա գնա։ Որ հավատացյալները շաբաթներով պաս են պահում, ձուկ ու միս չեն ուտում, մեռնո՞ւմ են։

Հիմնարկում հաստիքների կրճատում է։ Կրճատման տակ է ընկել նաև այն սիրունիկ քարտուղարուհու հաստիքը, որը առավոտից մինչև երեկո բան ու գործ չունի, շրթունքներն ու եղունգներն է ներկում, սրան-նրան բամբասում, ազատ ժամերին խաչբառներ լուծում կամ հորանջում։
Եթե դու իսկապես սրտացավ մարդ ես, մտիր պետիդ մոտ ու ասա. «Խնդրում եմ ինձ ազատեք աշխատանքից և իմ զբաղեցրած հաստիքի հաշվին այդ սիրունիկ քարտուղարուհուն աչքի լույսի պես պահեցեք ու պաշտեցեք»։
Բա ո՜նց, եթե այդ սիրունիկ քարտուղարուհին չլինի, ո՞վ պիտի ամեն օր պետիդ անուշ ժպտա, պետդ ո՞ւմ համար պիտի հալ ու մաշ լինի, պետիդ կինը ո՞ւմ պիտի խանդի և ամուսնուց ամիսներով խռով մնա։ Եվ, վերջապես, ո՞վ պիտի հիմնարկում եղած անցուդարձը պետիդ ականջը գցի։

Դու և ընկերդ սիրահարվել եք մի լավ աղջկա: Աղջիկը մեկն է, դուք՝ երկուսը։ Հո չե՞ք կարող ձեր սիրած էակին բաժանել երկու հավասար մասի։ Մարդ է, չէ՞, ձմերուկ չի և ոչ էլ տնամերձ հողամաս կամ մատաղացու ոչխար...
Իսկ եթե այդ աղջիկը քեզ է սիրում և ոչ թե ընկերոջդ...
Մեծ բան չի, գնա ասա՝ այ աղջիկ, ես շատ զզվելի մարդ եմ, ժլատի մեկն եմ, վատ բնավորություն ունեմ, էլ չեմ խոսում այն մասին, որ սկի լիարժեք տղամարդ էլ չեմ... Արի ինձնից ձեռք քաշիր, իմ ընկերոջ հետ սիրո կապերդ ամրապնդիր։
Եվ դա կլինի քո կողմից ասպետություն։ Եթե հայտնի սիրավեպերում կամ կինոնկարներում անձը զոհում են հանուն սիրո, ինչո՞ւ կյանքում սերը չզոհել հանուն ընկերության։

Բնակարանային շահագործման գրասենյակից քեզ կանչել են, թե եկել ու հասել է հերթդ, ահա նոր բնակարանիդ օրդերը։ Եվ դու ինչպե՞ս կարող ես ստորագրել այդ օրդերը, երբ քո ծանոթի աչքը նույն բնակարանի վրա է։ Մարդն ուզում է իր երեք սենյականոցը դարձնել չորս սենյականոց... Իսկ ինչո՞ւ չընդառաջել նրան։ Աշխարհը կքանդվի՞, որ քեզ հասանելիք բնակարանը զիջես նրան, գնաս նորից վերջից հերթ բռնես։ Դու չստանաս՝ տղադ կստանա։ Եթե տղադ էլ չստանա, իր ծանոթի նկատմամբ քեզ նման մեծահոգի գտնվի՝ թոռդ կստանա։ Թոռդ չստացավ, ծոռդ կստանա։

Անցած օրը իմ բարեկամներից մեկը եկավ, թե հարևանս կլյաուզնիկ է, գիշեր-ցերեկ անստորագիր նամակներ է գրում, զրպարտում անմեղ մարդկանց, ուզում եմ դրան մի լավ մերկացնել։
Ասացի՝ ա՛յ ախպեր, ամեն մարդ մի բանով ապրում է. մեկը վեպեր ու պիեսներ է գրում, մեկը տուն է կառուցում, մյուսը կառուցածն է քանդում, մի ուրիշն առնում ու ծախում է... Լավ, հարևանդ վեպ ու պիեսներ գրելու շնորհք չունի, մուրճ բռնել չգիտե, առնել-ծախելու հետ գործ չունի, մարդն հիմա ինչո՞վ զբաղվի։ Թուղթը բո՜լ, թանաքը բո՜լ, ժամանակը՝ շա՜տ... Թող որքան ուզում է՝ գրի։ Դրա համար հիմնարկներում մարդիկ կան, որ գնում են նամակների հետքերով, հատուկ հանձնաժողովներ են ստեղծում, ստուգումներ կատարում, կրքեր բորբոքում... Բա որ հարևանդ չգրի, այդ մարդիկ ինչո՞վ պիտի զբաղվեն և որտեղի՞ց աշխատավարձ ստանան։

Մի անգամ մի սպեկուլյանտի ետևից ընկա, ուզում էի դրան մի լավ խայտառակել։ Այս սպեկուլյանտը տեսավ ձեռք չեմ քաշում, ասաց. «Այ ընկեր, ինձնից ի՞նչ ես ուզում... Ախր, եթե ճիշտն ես ուզում իմանալ, ես օգտակար տիպ եմ։ Խնդրեմ, «Սալյուտ» ծխախոտի մի տուփն արժե 30 կոպեկ, բայց ես պետական խանութից 35 կոպեկով եմ վերցնում, և իմ հինգ կոպեկները դառնում են ռուբլիներ, մտնում վաճառողների գրպանները։ Այնուհետև շուկայում բարձրացնում եմ յուրաքանչյուր տուփի արժեքը, դարձնում 70 կոպեկ։ Դե հիմա տես՝ շուկայի դիրեկտորին ու նրա տեղակալին փող եմ տալիս, տեղամասայինը գալիս է իր բաժինը ստանում, ռևիզորն՝ իր բաժինը... Ես հո մենակ իմ տո՞ւնը չեմ պահում»։
Այստեղ նա ուզում էր մի տուփ «Սալյուտ» խոթել գրպանս, չթողեցի, ասացի՝ ծխող չեմ։ Փող առաջարկեց՝ հրաժարվեցի։ «Քո գործն է,- ասաց,- դու գիտես,- և շարժեց ուսերը։ -Չեմ հասկանում, ուրիշներին խայտառակելով ո՞նց պիտի տունդ պահես»։

Հիմա էլ մի կնամոլի մասին պատմեմ։
Սա էլ ութ անգամ պսակվել, ութ կնոջից տասնութ երեխա ունի։ Խեղճ մարդուն փոխանակ բազմազավակ հոր կոչում տան, քաշել են դատարան, թե՝ ինչո՞ւ զավակներիդ ալիմենտ չես վճարում։
Լավ, ձեզ եմ հարցնում, մարդը որտեղի՞ց և ինչպե՞ս ալիմենտ վճարի, երբ քիթը սրբելու ժամանակ չի գտնում, մեղրամիսը դեռ մի կնոջ հետ չավարտած, մի ուրիշ կնոջ է սրտի դռները բացում։ Ուրիշները վարում, ցանում են, քար են տաշում, պատ են շարում, ջրանցք են փորում, բարիքներ են ստեղծում... Սրա ձեռքովն էլ այսքանն է գալիս՝ պսակվում ու երեխաներ է ստեղծում։

Հիմա դառնանք ինձ:
Գրում եմ։ Ի՞նչ եմ գրում՝ ֆելիետոն, երգիծական պատմվածք, հոդված, պիես, ռեպորտաժ...
Կան մարդիկ, որ գրածներս կարդում ու ինձ հայհոյում են։ Իսկ ես բոլորովին չեմ վիրավորվում։ Իմ փոխարեն ուրիշը լիներ, կբռներ դրանց օձիքը ու կասեր՝ ա՛յ սպեկուլյանտ կամ կաշառակեր, ա՛յ բյուրոկրատ կամ կնամոլ, դուք ի՞նչ իրավունքով եք ճնշում քննադատությունը...
Բայց ես այդպիսի բան չեմ անում, որովհետև դրա համար էլ մի ուրիշ հիմնարկություն կա... Եվ հետո էլ այդ մարդիկ իմ հերոսներն են, իմ մուսան ու ներշնչանքի աղբյուրը... Իսկ այդ ո՞ր գրողն է, որ իր հերոսների վատն է ցանկանում։

10.21.2015

Անծանոթ աղջիկը



Այդ տարիքի աղջիկները միշտ լուրջ են լինում։ Բայց նրա լրջության մեջ ինչ-որ ուրիշ բան կա։
Նա սկզբում ավտուբուսի բաց պատուհանից նայում էր ցորենի կանաչ արտերին, ճամփեզրի դալար բարդիներին և բլուրների վրա ցցված գաճաճ թփուտներին։ Գիշերը անձրև էր եկել, արտերի կանաչ թավիշը շողշողում է ծիածանի բոլոր գույներով։ Հեռագրալարերը նույնպես ոսկեգույն են, հեռագրասյուներին թառած թռչունները նման են մի կաղապարից դուրս եկած արձանիկների։

Նա նստած է իմ կողքին, պատուհանի մոտ։ Մեր ետևում տեղ են գրավել երկու երիտասարդ, մեկը՝ կապույտ պիջակով, մյուսը հագին ունի բաց-նարնջագույն բլուզ։ Կապույտ պիջակով տղան անեկդոտներ է պատմում, և որքան ես հասկացա, իր անեկդոտներով ուզում է գրավել կողքիս նստած աղջկա ուշադրությունը։

Նրանց ետևում նստած է քառասունհինգ-քառասունութ տարեկան կարմրաթուշ մի կին։ Տեղը երևի այնքան էլ հարմար չէր, տեղափոխվեց իմ դիմացի նստատեղին, պայուսակից հանեց թարմ բուլկիներ... և, աստվա՜ծ իմ, նա այնպես էր խժռում, կարծես առնվազն մի շաբաթ քաղցած է եղել։ Երբ կապույտ բլուզով տղան հերթական անեկդոտն էր պատմում ինչ-որ անհաջողակ սիրահարների մասին, կարմրաթուշ տիկինը, որ արդեն վեցերորդ բուլկին էր ոչնչացրել, այնպես ծիծաղեց, առաջին տեղերում նստածները գլուխները զարմացած շրջեցին։ Կապույտ պիջակով տղան արհամարհանքով նայեց նրան, և նրա հայացքը կարծես ասում էր. «Ում համար եմ պատմում, տեսեք ով է ծիծաղում»: Տղան ընկած տրամադրությամբ շուռ եկավ, գլուխը հանեց պատուհանից և երկար մազերը տվեց քամուն։

Մենք բավականին ճանապարհ ենք անցել։ Ավտոբուսի անիվների տակ ասֆալտը ճլճլում է, ինչպես յուղը՝ թավայի մեջ։ Պատուհանից երևում են լեռների ձյունածածկ գագաթները, ներքևում՝ մթամած անտառը։ Ես ուզում եմ ծխել և խնդրում եմ հարևանուհուս՝ տեղներս մի քանի րոպեով փոխել: Վառում եմ սիգարեթը, ծուխը բաց թողնում պատուհանից։ Այստեղ իսկապես զով է, աղջկան առաջարկում եմ գրավել իր տեղը, նա թեթևակի շիկնում է.
- Դե, ոչինչ, ինձ համար այստեղ էլ վատ չէ, եթե ուզում եք...

Ի՞նչ կարող ես անել, եթե նա հարգում է իմ ճերմակ մազերը, նշանակում է՝ կարիք չկա երկրորդ անգամ խնդրել։ Հերթական կայարանում մեր ավտոբուսը կանգնում է: Ավտովարորդը ճաշարան է շտապում, նրան հետևում են ուղևորները։ Իսկ կարմրաթուշ կինը տեղից շարժվելու միտք չունի, պատուհանից հանում է գլուխը, մի եփած հավ գնում, ձեռքում ծանրութեթև անում և ասում.

- Սրա գինը շատ լինի, շատ լինի՝ երեք ռուբլի, իսկ այդ սպեկուլյանտն ինձնից հինգ ռուբլի պոկեց։ Որտե՞ղ է մեր միլիցիան, որտե՞ղ է դրուժիննիկը։ Օրը ցերեկով թալանում են մարդկանց։ Անխիղճնե՜ր:

Երկար ճանապարհը հոգնեցրել է, ուզում եմ դուրս գալ ավտոբուսից, աղջիկը մեկնում է ինձ մի թղթադրամ։
- Խնդրում եմ, եթե կարելի է, ինձ համար մի շիշ ջուր բերեք։

Կարմրաթուշ կինը շուռ է գալիս, ակնհայտ չարությամբ նետում.
- Տեսեք, է՜, մայրիկի սիրունիկ բալիկը չի ուզում իջնել ավտոբուսից, և առանց ամաչելու ուրիշներին է շահագործում: Ա՛յ աղջիկ, ի՞նչ է, դու ոտքե՞ր չունես։

Աղջկա դեմքը կարծես ցավից կծկվում է, շուրթերը դողում են։ Նրա աչքերում աղերսանքի պես մի բան կա։ Ո՛չ, նա չի ուզում պատասխանել, և ես նրա փոխարեն պատասխանում եմ.
- Ներեցեք, տիկին, ուրիշների գործերին խառնվելն այնքան էլ լավ բան չէ։ Խորհուրդ չեմ տալիս։

Բուֆետից գնում եմ երեք շիշ հանքային ջուր, մտնում ավտոբուս։ Կարմրաթուշ տիկինն արդեն խժռել է հավը, հիմա էլ թարմ վարունգ է խրթխրթացնում։ Աղջկա և ինձ համար երկու շիշ եմ բացում, ճամպրուկից հանում խաշած միս, հաց ու պանիր։ Աղջիկը նույնպես բացում է իր ճամպրուկը, հանում տապակած ձուկ և երկու բաժակ։

- Հիմա կարգին քեֆ կանենք,- ասում եմ:
Տիկինը ցուցադրաբար շուռ է տալիս դեմքը։

Մենք նստել ենք մի ավտոբուսում, ճաշում ենք միասին և անծանոթներ ենք։ Ես չգիտեմ, թե ով է այդ աղջիկը, ուսանողուհի՞ է, թե՞ ինչ-որ հիմնարկում մեքենագրուհի կամ քարտուղարուհի։ Պարզապես լուրջ աղջիկ է, կարող ես հետը զրուցել լուրջ հարցերի շուրջ, կատակել ու ծիծաղել չափավորության սահմաններում։ Բայց մենք հիմա ծանոթներ ենք ավտոբուսում և այն էլ պատահական ծանոթներ։ Երեկոյան տեղ կհասնենք, նա իր ճանապարհով կգնա, ես՝ իմ: Գուցե վաղը կամ մյուս օրը փողոցում պատահաբար հանդիպենք և իրար բոլորովին չճանաչենք։

Ուղևորները ներս են մտնում: Կապույտ պիջակով տղան երկու մեծ փունջ մորի էր գնել, մի փունջը մեկնում է աղջկան.
- Վերցրեք, խնդրեմ, այս կողմերի մորին քաղցր է։
- Իսկ փունջը որքա՞ն արժե։
- Ինձ համար՝ ձրի։
- Այդ դեպքում թողեք ձեզ մնա։

Բաց-նարնջագույն բլուզով տղան ժպտում է.
- Մեկ-զրո:
Կարմրաթուշ տիկինը նորից չարացած նայում է աղջկան։
- Ա՛յ աղջիկ, դու էլ ի՞նչ ես ձևեր թափում, տալիս է՝ վերցրու։
Տղան ուզում է հաշիվը հավասարեցնել և դիմում է իմ օգնությանը.
- Քեռի, ասացեք՝ թող վերցնի։ Ես անկեղծ սրտով... Խնդրում եմ, ուրիշ բան չմտածեք։

Այ թե լավ բռնեցրեց՝ քեռի՜։ Իսկ գուցե՝ հայրիկ կամ պապիկ։ Եթե այս գեղեցիկ աղջիկը չլիներ, նա երբեք ինձ քեռի չէր անվանի։ Բայց ի՞նչ կարող ես անել, քառասուն տարեկանները միշտ էլ քսան տարեկանների համար քեռի են։
- Խնդրում եմ, քեռի,- տղան իսկապես խնդրում է, և ես քեռու իրավունքով հարցնում եմ.
- Քանիսո՞վ եք գնել։
- Դատարկ բան է, քեռի, կոպեկներ:
- Կայարաններում, բալիկ ջան, կոպեկներով մորու այսպիսի փնջեր չեն, վաճառում։

Նա իմ «բալիկ ջանն» ընդունում է այնպես, ինչպես երես առած երեխան կընդունի քեռու ապտակը։ Ես նրա բուռն եմ խոթում մեկ ռուբլանոցը, մորու փունջը տալիս աղջկան։ Բաց-նարնջագույն բլուզով տղան, որ հավանաբար սպորտսմեն է, հաշվում է.
- Երկու-զրո, այն էլ՝ տասնմեկ մետրանոցով։

Ավտոբուսը ծանր փնչոցներով հաղթահարում է վերջին վերելքը։ Կապույտ պիջակով տղան գրպանից հանում է խաղաթղթերը, խառնում և ընկերոջը հրավիրում խաղի։ Վեց բուլկի և մի հավ խժռող տիկինը նրան ցույց է տալիս իր կողքի ազատ տեղը։
- Եկեք միասին խաղանք։

Տղան երեք անգամ տանուլ է տալիս, նրա մրցակցուհին քրքջում է։
- Դե լավ, դե լավ, երեք անգամ դուռակ դարձար, դա էլ է հերիք։
Սպորտսմենը գլուխն առանց ամսագրից կտրելու, խաղավարի սառնասրտությամբ հաշվում է.
- Հաշիվը դարձավ 3։0։

Ավտոբուսը թեթև սահում է ուղիղ ու հարթ, ասես տողաշարով գծած ճանապարհով։ Երկինքը բաց կապույտ է, օդը հագեցած ճամփեզրի փշատենիների բուրմունքով։ Կարմրաթուշ տիկինը հենվել թիկնակին, քնել է կուշտ կերած երեխայի քնով, սպորտսմենը ամսագիր է կարդում, կապույտ պիջակով տղան լուռ նայում է պատուհանից։ Առաջին շարքում նստած շիկահեր մարդը, որ հավանաբար մեղվաբույծ է, իր տարիքն առած հարևանուհուն պատմում է, թե ինչպես կարելի է մի տարում միևնույն մեղվափեթակից երեք անգամ մեղր ստանալ։ Չնայած տարեց կինը նույնիսկ դեմքի շարժումով չի հակաճառում նրան, բայց մեղվաբույծը շարունակ կրկնում է. «Է՜, տեսնո՞ւմ եք, չեք հավատում»։

Աղջիկը մորու փունջը ինձ հետ կիսում է, և մենք հիմա զրուցում ենք որպես մոտիկ ծանոթներ։ Ես նրան պատմում եմ իմ փոքրիկ տղայի մասին, որ սիրում է քանդել իր խաղալիքներն ու նորից հավաքել։ Իսկ մի անգամ, երբ քանդելու բան չէր մնացել, աչքը գցել է հեռուստացույցին ու հարցրել. «Հայրիկ, իսկ հեռուստացույցը ե՞րբ պիտի փչանա, որ մի լավ քանդենք»։

*   *   *
Կայարանում կայարանի աղմուկն է։ Կարմրաթուշ տիկինն իր երկու խոշոր սնդուկներ հիշեցնող ճամպրուկները դրեց մայթեզրին, սպորտսմենը և կապույտ պիջակով տղան կանգնեցին բարդու շվաքում, իսկ աղջիկն ուշանում է։ Ես մոտեցա, նա կանգնած էր դռան մոտ. նայեց ինձ ու շշնչաց մի տեսակ մեղավոր.
- Իսկ գուցե օգնեք, ուզում եմ իջնել:

Կարմրաթուշ տիկինը ծամածռեց դեմքն ու՝
- Տեսեք, է՜, խնդրում է օգնել... Ա՛յ աղջիկ, ի՞նչ է, դու ոտքեր չունե՞ս։

Դա ոչ ոք չէր սպասում։ Աղջիկը նայեց նրան և ճչաց.
- Տիկին, չունեմ, պրոթեզ է, ի՞նչ եք ուզում ինձնից։

Նա երեխայի պես ծածկեց դեմքն ու սկսեց հեկեկալ։ Սպորտսմենն ու կապույտ պիջակով տղան կարծես տեղում քարացան, մեղվաբույծը մոտեցավ կարմրաթուշ տիկնոջը և գլուխն օրորեց.
- Տիկին, ինչպե՜ս չեք ամաչում։

5.11.2015

Որդու նամակը հորը։ Հոր Պատասխան նամակը


ՈՐԴՈՒ ՆԱՄԱԿԸ ՀՈՐԸ

Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ, ընդունիր որդիական քաղցր բարևներս։
Թույլ տուր նամակիս նախնական տողերում իմ որդիական անկեղծ երախտագիտությունը հայտնել քեզ և մայրիկին, ինչպես նաև ձեր բարին ցանկացող բոլոր հարևաններին։ Եվ նմանապես ուզում եմ իմ որդիական սուրբ պարտքը կատարել իմ ծնողների հանդեպ, որոնք սրտատրոփ սպասում են նամակիս և ուզում են իմանալ որպիսությունս:

Ես ողջ և առողջ եմ, գործով հաջողակ և, չնայած վերջերս ազատվել եմ աշխատանքից, արդեն չորսուկես ամիս է, գրպանումս ոչ մի կոպեկ չկա, բայց հոգով ու սրտով առույգ եմ։ Կարևորը, իհարկե, փողը չէ, այլ այն, որ չեմ ընկճվում ոչ բարոյապես և ոչ էլ հոգեպես։ Մի քանի ամիս առաջ կինս՝ Ժորժետինան, ինձնից բաժանվեց, սակայն ես տղամարդու պես դիմացա հարվածին և այդ էլ այն դեպքում, երբ գրպանումս նույնիսկ ավտոբուսի փող չունեմ ու կոպեկին «քեռի» եմ ասում:

Բայց դե մարդ փողով չի մարդ, ի՞նչ անենք, թե հարևաններիս վեց հարյուր ռուբլի պարտք եմ և չեմ կարողանում վերադարձնել։ Ձեզ եմ հարցնում, ինչպե՞ս վերադարձնեմ, երբ ոչ մի տեղ չեմ աշխատում և չգիտեմ սրա վերջը ինչ կդառնա։
Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ, գրիր տեսնեմ խոզը մորթել ծախել եք, կարտոֆիլն ու սոխը շուկայում ի՞նչ գին ունեն, կովը ծնե՞լ է և, ընդհանրապես, ինչպե՞ս է այս տարվա բերքը։

Անցած օրը խանութում մի լավ մուշտակ տեսա, ուզում էի գնել քեզ համար, բայց գրպանումս կոպեկ չկար։ Մայրիկի համար նույնպես բրդե հրաշալի շալ եմ գտել, եթե փող ունենայի, կգնեի անպայման:
Ստացա իմ թանկագին քույրիկ Սիրուշի նամակը և շատ ուրախացա, որ արդեն նշանվել է։ Այնպե՜ս եմ ուզում եղբայրական պարտքս կատարել, գոնե մի ոսկե ժամացույց գնել սիրելի քրոջս համար... Եթե գրպանումս ճանապարհածախսի փող լիներ, անպայման կներկայանայի հարսանքին։ Ուրեմն՝ թող քույրիկս իմանա, որ իր հարազատ եղբայրն իր գրպանում նույնիսկ ծխախոտի փող չունի, այդ իսկ պատճառով ծխելը թողել է։

Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ։
Քաղաքում եղանակները ցրտել են, անընդհատ անձրևներ են գալիս, իսկ ես մի կարգին վերարկու չունեմ, որ հագնեմ։ Ճաշարանների ու ռեստորանների դռները փակ են իմ դիմաց, հանրակացարանի պարետն անընդհատ հիշեցնում է, որ չորս ամսվա վարձը չեմ մուծել, և ես ամոթից քիչ է մնում գետինը մտնեմ:
Եվ չնայած գրպանումս կոպեկ չկա, բայց ես ողջ և առողջ եմ, գործով հաջողակ, հոգով ու սրտով՝ ուրախ։

Որդիական բարևներով՝ մնամ ձեր որդի
Պատրիկ Պետրոսովիչ։

Հ.Գ.- Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ, գրի տեսնեմ խոզի մսի և կարտոֆիլի վաճառքից որքա՞ն փող է եկել: Եթե քիչ է, մի երեք հարյուր ռուբլի էլ մեր թանկագին հարևաններից վերցրու՝ ուղարկիր։ Ամոթ բան է, որ ամանորի գիշերը հարազատներիս չտեսնեմ։ Եթե սիրելի քույրիկս դեմ չէ հարսանիքը մի երկու ամսով հետաձգելու, թող մի երկու հարյուր ռուբլի էլ ինքն ուղարկի, որպեսզի ձեզ տեսնելիս վրաս վերարկուից-բանից ունենամ։




ՀՈՐ ՆԱՄԱԿԸ ՈՐԴՈՒՆ

Թանկագին որդի Պատրիկ Պետրոսովիչ Պողոսով, ընդունիր հայրական անուշ բարևներս։
Թույլ տուր նամակիս նախնական տողերում իմ հայրական անկեղծ երախտագիտությունը հայտնել քեզ, ինչպես նաև քո բարին ցանկացող պարտքատեր հարևաններին։ Ես էլ նմանապես ուզում եմ հայրական սուրբ պարտքս կատարել իմ թանկագին որդու հանդեպ, որը սրտատրոփ սպասում է նամակիս և ուզում է իմանալ որպիսությունս։

Ես ողջ և առողջ եմ, գործով հաջողակ, չնայած վերջերս չեմ ազատվել աշխատանքից և գրպանումս փող կա։ Կարևորն, իհարկե, փողը չէ, այլ այն, որ կարողանում ես առանց փողի էլ չընկճվել ոչ հոգեպես, ոչ էլ բարոյապես։ Ցավում եմ, որ կինդ բաժանվել է քեզանից, բայց ուրախ եմ նաև, որ դիմացել ես այդ հարվածին, և այդ էլ այն դեպքում, երբ կոպեկին «քեռի» ես ասում: Լավ կլինի՝ ռուբլուն էլ «քեռակին» ասես:

Բայց դե մարդ փողով չէ մարդ։ Ինչ անենք, թե հարևաններիդ պարտք ես վեց հարյուր ռուբլի։ Քեզ եմ հարցնում՝ ինչպե՞ս վերադարձնես, երբ ոչ մի տեղ չես աշխատում ու չգիտես վերջն ինչ կդառնա։
Թանկագին որդի Պատրիկ Պետրոսովիչ, խոզը մորթել՝ ծախել ենք, կարտոֆիլը շուկայում լավ գին ունի, կովը ծնել է և, ընդհանրապես, հիանալի է այս տարվա բերքը։ Նաև ուրախ եմ, որ ցանկացել ես ինձ համար մուշտակ գնել, մայրիկի համար՝ բրդե շալ, բայց ափսոսում եմ, որ գրպանումդ կոպեկ չի եղել։ Վնաս չկա, սիրելի որդի, հենց որ գրպանումդ փող լինի, այդ մուշտակն ու շալը անպայման կգնես ու կուղարկես։

Քույրիկդ, ինչպես արդեն գիտես, նշանվել է, և երկու ամսից հետո տեղի կունենա հարսանիքը։ Բայց, քանի որ գրպանումդ նույնիսկ ճանապարհի փող չկա, ի՞նչ կարիք կա անպայման ներկայանաս հարսանքին:
Մեզ մոտ էլ եղանակները նույնպես ցրտել են, անընդհատ անձրևներ են գալիս։ Ափսոսում եմ, որ հագնելու կարգին վերարկու չունես, իսկ հանրակացարանի վարձը չմուծելու համար քիչ է մնում գետինը մտնես։

Թանկագին որդի, մենք էլ ողջ և առողջ ենք, գործով հաջողակ, հոգով ու սրտով ուրախ։
Հայրական բարևներով՝ մնամ քեզնով բախտավոր
 քո հայր Պետրոս Պողոսովիչ։

Հ. Գ.- Թանկագին որդի Պատրիկ Պետրոսովիչ, խոզի մսի և կարտոֆիլի վաճառքից հազար ռուբլի փող է եկել։
Մեծ ուրախությամբ քույրիկիդ հարսանիքը կհետաձգեի, ու երկու ամսվա իր աշխատավարձը կուղարկեի, բայց, կարծում եմ, չարժե իզուր նեղություն քաշել և ամանորի գիշերը իզուր ծախսերի տակ ընկնել։ Եվ հետո այնքան էլ պարտադիր չէ, որ վերարկուից-բանից ունենաս։ Քո նախապապ և նախատատ Ադամն ու Եվան թզենու տերևներից բացի ոչինչ չունեին, բայց դրախտային կյանք էին վայելում...
Հայրական բարևներով՝ Պետրոս Պողոսովիչ:

11.24.2014

Էպիգրամներ

   
       
* * *
Պիես գրելը մոդա է հիմա,
Ով ասես՝ պիես չի գրում այսօր,
Թքած տաղանդի ու ձիրքի վրա,
Միայն ունենաս ծանոթ ռեժիսոր:


            * * *
Անվերջ, անդադար հոխորտում է նա,
Որ դեռ ջահել է ու չի ծերացել,
Մինչդեռ վաղուց են գրքերը նրա՝
Իրենից առաջ թոշակի անցել:


            * * *
Նա այնքան պարզ է, այնքան անբասիր,
Համեստների մեջ միշտ համեստագույն,
Երբ խոսք է բացվում իր անձի մասին,
Գլխարկն հարգանքով հանում է իսկույն:


            * * *
Ինչ պաշտոն ասեք, որ նա չի վարել,
Բայց կհարցնեք, թե ինչ է արել.
Ներհիմնարկային ահեղ պայքարում
Իր բազկաթոռն է մի կերպ պաշտպանել:


            * * *
Ես չգիտեմ, որքանո՞վ է հնարավոր՝
Բանաստեղծը հարստանա հոնորարով:
Թե այդպիսի պոետներ կան երկնքի տակ,
Նրանց երգին ոչ մի անգամ չհավատաք:


            * * *
Իմ հին բարեկամ, Ճանաչում եմ քեզ,
Ես քո բնույթը գիտեմ շատ վաղուց,
Առյուծի կողքին շողոմ աղվես ես,
Աղվեսի դիմաց՝ կատաղած առյուծ:


                                    Բ. Կ.-ին
Պուշկինն ապրեր, կգրեր՝
Բախտախնդիր, ինտրիգան,
Դու քո ամբողջ էությամբ
Քաղաքական խուլիգան:


            * * *
Ութ պետ է փոխել, տասը տեղակալ,
Ինքը՝ անփոփոխ, ինքը՝ բնակալ:


            * * *
Նարինջը տեսնի, կասի՝ կիտրոն է,
Ուր մատը դնի՝ այն էլ կենտրոն է:


            * * *
Ծախու գրչակն այս, որ մի ժամանակ
Չարենցի դեմ էր ժանիքներ սրում,
Հիմա առել է թուղթ, գրիչ, թանաք,
Չարենցի մասին հուշեր է գրում:


            * * *
- Ի՜նչ Թումանյան կամ ի՜նչ Չարենց,-
Գոռաց տգետն ամբարտավան,-
Նորարարը ես եմ հիմա,
Չեմ ճանաչում քեզ ու նրան:-
Բայց ինչո՞ւ մենք գլուխ դնենք
Դղրդացող թմբուկի հետ,
Տգետները մեծամիտ են,
Մեծամիտներն անբարտավան:


            * * *
Խրատ էի կարդում ցինին,
Բայց չլսեց, թռավ, գնաց,
Գայլը լսեց հորդորանքս,
Սակայն գառս առավ, գնաց.
Գող ագռավը հիսուն տարի
Աշակերտեց Սոկրատեսին,
Բայց այդպես էլ ամբողջ կյանքում
Նա լեշակեր ագռավ մնաց:


            * * *
Լպրծունն այս ներս մտնելու
Եվ դուրս գալու ձիրք ունի,
Վերևներում ամուր թիկունք
Եվ անսասան դիրք ունի.
Թեկուզ հայտնի գրագող է
Ու խայտառակ էպիգոն,
Բայց գիտե՞ք, թե փառաբանված
Քանի խոտան գիրք ունի:


            * * *
Առակ գրեցի. «Էշը թռչում է»,
Էշը բողոքեց՝ բա ես թռչո՞ւն եմ,
Ի՞նչ իրավունքով այդպես անտեղի
Վիրավորում ես մեր ազնիվ ցեղին:


            * * *
Տրեստի հաշվին նոր տուն կառուցեց,
Կերավ, լենք տվեց տրեստի հաշվին,
Եվ դատարանը երբ գործ հարուցեց,
Վնասը ծածկեց տրեստի հաշվին:


            * * *
                                                     Հ. Ալիևին
Քեզ ճանաչում ենք քո ժպիտից կեղծ,
Դու Թալեաթից նենգ, Թալեաթից տխեղձ...
Եվ գիտենք նաև, ով քծնու աղվես,
Որ սողալով ես բարձրացել այդպես
Եվ սողալով էլ մի օր կսատկես:


            * * *
Իմ հին բարեկամ, Ճանաչում եմ քեզ,
Ես քո բնույթը գիտեմ շատ վաղուց,
Առյուծի կողքին շողոմ աղվես ես,
Աղվեսի դիմաց՝ կատաղած առյուծ:


            * * *
Երեք նախագահ փոխվեց վեց ամսում,
Չորրորդը եկավ՝ եղածը քանդեց.
Թերթում գրեցին, որ կոլխոզը սույն-
Անշեղ վերելքի ճամփին է արդեն:


            * * *
Այս հանգաբանը ճակատի զոռով
Մրցանակներ է անընդհատ շահում,
Ի՞նչ փույթ գործերը թույլ են ու ճապաղ,
Մարդը իր գրչով մի տուն է պահում:


            * * *
Խոսում է Կանտից, անում մեջբերում,
Բայց թանը կաթից նա չի տարբերում:


            * * *
                                                              Լ-ին
Թունոտ ես այնքան ու մաղձոտ՝ հոգիդ,
Որ ճանճը անգամ չի նստում դեմքիդ:


            * * *
Ահա ձեզ հայտնի «Ծիրանի ծառի»
Նորահայտ մշակն ու հեղինակը,
Թեկուզ ոչ երգի խոսքն է իրենը,
Ոչ եղանակը:


            * * *
Կարդացել է նա մի քիչ «Սասնա ծուռ»
Եվ «Վարդանանքից» երկու տող սերտել.
Հիմա ամեն տեղ նա կուրծքն է ծեծում.
- Պատմությունն հայոց ես անգիր գիտեմ:


            * * *
Մի քիչ Շոպեն է լսել, մի քիչ Բախ,
Որդու անունը դրել Շոպենբախ:


            * * *
Պաշտոն է ուզում, թեկուզև՝ ստոր,
Թեկուզև ռոճիկ չստանա կարգին,
Միայն թե ունենա փափուկ բազկաթոռ,
Կողքին՝ հեռախոս, «Վոլգան»՝ միշտ տակին:


            * * *
Վերջացրել է զույգ համալսարան,
Բայց մնացել է նույն էշի բալան:


            * * *
Նա այստեղ-այնտեղ այնքան բողոքեց.
«Կաշառակեր է Չոփուռ Արսենը»,
Որ այդ Չոփուռից մի քիչ փող պոկեց
Ու կտրեց ձենը:


            * * *
Նա հոր ջանքերով բուհում ընդունվեց,
Փեսի օգնությամբ դիպլոմ ստացավ,
Դիսերտացիան էլ խնամին գրեց,
Քեռու թիկունքով գիտնական դարձավ:


            * * *
Քանի՜ տարի է՝ եզան պես համառ
Պայքարում է նա պաշտոնի համար:
Պետեր են գալիս, պետեր են գնում,
Բայց տեղակալ է նա միշտ էլ մնում:


            * * *
Խաբեց՝ տուն քանդեց,
Լափեց՝ յուղ կապեց,
Իսկ երբ բռնվեց,
Իրար խառնվեց.
- Հա՜յ, հարա՜յ, հասեք,
Մարդիկ, օգնեցե՜ք,
Կերածս մարսեմ:


            * * *
Ոչ ջութակ էր նա՝ ջութակի նման,
Ոչ թութակ էր նա՝ թութակի նման:
Տեսան, որ մարդը խելք չունի կարգին,
Առաջ քաշեցին, դարձրին խմբագիր:


            * * *
                                           Մի քննադատի
Նա ունի ուրույն իր խոսքն ու ոճը,
Գնահատման հարցում անաչառ է խիստ,
Ծանոթի առջև շարժում է պոչը,
Անծանոթներին քացի է տալիս:


            * * *
Հարմար կաբինետ, փափուկ բազկաթոռ,
Շիք գրասեղան, երազներ բազում,
Թանաք, թուղթ, գրիչ, հաճելի անդորր...
Մուսան է միայն նրան պակասում:


            * * *
Այն ո՞վ է ասում, թե Նազար չկա,
Եվ նազարական ավազակ չկա,
Իբր հեքիաթ է Նազարը եղել,
Իբր վաղուց ենք Նազարին թաղել:
Նազարին, ճիշտ է, մենք նոր չենք թաղել,
Բայց արի ու տես, որ խոր չենք թաղել.
Հին Նազարն իր մեջ նոր Նազար սնել,
Հին Նազարից՝ նոր Նազար է ծնվել:
Եվ նոր Նազարն այս իր նախորդի պես
Ոչ թե անտեղի ճանճ է փախցնում,
Այլ ճանճերին է հերոս դարձնում:
1981 թ.


            * * *
Լինում է այնպես, հիմարն էլ հաճախ
Դառնում է հանճար,
Մեզ՝ խելոքներիս
Դասեր է տալիս,
Սովորեցնում, թե ինչպես անենք՝
Իր ձեռքով փոսը գլորած քարը
Այդ փոսից հանենք:
Եվ մենք, որ այնքան
Խելոք ենք կյանքում,
Հիմարին էլ ենք հաճախ ենթարկվում,
Նրա դհոլ ու զուռնի տակ պարում,
Մեծարում նրան ու ծափահարում:
Է՜հ, ես ի՞նչ ասեմ աշխարհին այս սին,


Հիմարի քարը մեր խելոք գլխին:

8.24.2014

ՊԱՅԾԱՌ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Վազգեն Օվյան՝ անհանգիստ սուր միտք, հզոր ասելիք և աներևակայելի աշխատասիրություն։ Վկան նրա վերջերս հրատարակված ստեղծագործություններն են, գրականության գրեթե բոլոր ժանրերում հավասարապես հանդես գալու տաղանդը։ Մանավանդ երգիծելու բնագավառում նա մրցակից չուներ։
Ընդհանրապես Վազգեն Օվյանի ստեղծագործության նշանակությունը բացառիկ է։ Դրա վառ օրինակը «Այս Ղարաբաղն է» փայլուն երկն է։ Կարդում եմ այն, և թվում է հեղինակը գրել է ոչ թե տարիներ առաջ, այլ այսօր, մեր օրերում։ Կանցնեն տարիներ, և երբ ստեղծվի Արցախի մասին գրական-գեղարվեստական մի անթոլոգիա, ապա անշուտ այն գլխավորելու է այդ շքեղ պոեմը։

Դա կոչ է, պատգամ՝ ուղղված նաև գալիք սերունդներին։ Դա հզոր տաղանդով հնչեցրած ղողանջ է, գեղարվեստական անգերազանցելի հարստություն, Արցախում ձեռք բերած մեծագործություններից մեկը։ Սա սովորական պատում չէ, այլ Արցախի դիմանկարը, ոգու խոյանքները, ինչու չէ, նաև հայրենի երկրամասի վսեմ նկարագիրը։

Ես գրեթե միակ արցախցին եմ, որ դեռևս ուսանողական տարիներին՝ 1962 թ. լուրջ խոսակցություն եմ ունեցել Վազգենի հետ, նրա «Թևան-դհոլ» երգիծական, ծաղրանկարային, պոեմի առնչությամբ։ Սակայն հետագա տարիներին մոտիկից շփվելով նրա հետ, զգացի, որ Օվյանը չափազանց ինքնատիպ և բնությունից շնորհված տաղանդավոր անհատականություն էր։ Բայց ինչպես ինքն էր խոստովանել, այդ ժամանակ լավ չգիտեր Արցախ-Ղարաբաղի պատմությունը։ Դրա համար էլ սկզբնական շրջանում տարվել էր ժամանակի մտայնության թեմաներով։

Մի բան սակայն պարզ է. գրել էր ստեղծագործական մեծ պաթոսով, իրեն հատուկ շիտակությամբ ու արվեստի բարձր չափանիշներով։ Այն գրել էր բոլոր հինգ զգայարանների արտասովոր լարումով ու տաղանդի փայլատակումով, ժամանակի գաղափարական արտահայտչական եղանակով։

Հաստատապես կարող եմ պնդել, որ Վազգեն Օվյանին էր վիճակված գրել Արցախում Ադրբեջանի իրականացրած քաղաքական ցեղասպանության պատմությունը՝ խտացված և ամբողջացված ներկայացնել բանաստեղծական ներշնչանքով։ Այլ խոսքերով՝ չափածո ժանրում ուրվագծել էր Արցախի վերապրած ողջ մղձավանջը, արցախցու ազատաբաղձ տանջանքները։

Վազգեն Օվյանը սովորական մահկանացու չէր, այլ պայծառ անհատականություն, մեծ հայրենասեր, բոլորիս աչքի առաջ հալվող-մաշվող, հայաթափվող Արցախի բանաստեղծը, մի ամբողջ սերնդի ճակատագրի պատմիչը։

ՇԱՀԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Երևան, սեպտեմբեր, 1999 թ.

4.28.2014

Ասք անմահության


(Հովհաննես Շիրազի հիշատակին)

Շիրազը Մասիս սարի բողոքն է
Ու հառաչանքը մեր Վանա ծովի,
Շիրազը Արաքս գետի մորմոքն է,
Անլուռ տանջանքը գերված Տարոնի:
Շիրազը հավերժ հոգու թրթիռ է:
Նոյի տապանից թռած աղավնին,
Մեսրոպ Մաշտոցի սրբացած գիրն է,
Տագնապի կանչը Ձենով Օհանի:
Շիրազն Ախթամար վանքի արցունքն է,
Չարից շղթայված Արտավազդ արքան,
Օտար ափերի հայի հարցմունքն է
Հայոց կռունկին՝ երկրից լո՞ւր չկա:
Շիրազը Սասնա հույսի Մհերն է,
Բախտի հենակը անտեր Սասնա տան,
Որբացած մանկանց արցունքի լեռն է՝
Լցված բաժակը ծով համբերության:
Շիրազն Անին է մեր ավերակված,
Արյունով գրված մեր պատմությունը,
Եվ մոխիրներից հրաշքով հառնված,
Վերածնված մեր Փյունիկ թռչունը:
Շիրազը գերված մեր Կարս քաղաքն է
Ու գետը Եփրատ՝ վշտից խելագար,
Մեր ոգու ցասումն ու աղաղակն է-
Ընդդեմ աստծո՝ կույր ու խլականջ:
Շիրազը հայոց դարավոր հարցն է
Եվ հարցականը չլուծված հարցի,
Շիրազը՝ պանդուխտ այն հայի լացն է,
Որ մոլորվել է ճամփեքին դարձի:
Շիրազը երգի գարնանամուտն է,
Գարնան հեղեղ է ու գարնան որոտ,
Երկնքում թևող զանգակ-արտույտ է,
Շողով ու ցողով բացվող առավոտ,
Շիրազն այն հզոր սիրո կրակն է,
Որ սրտերի մեջ երբեք չի մարում,
Եվ հայրենաշեն այն մեծ բանակն է,
Որի զինվորը չի դավաճանում:
Շիրազն հյութն է մեր անուշ խաղողի,
Կարասների մեջ գժվող մաճառը,
Շաղիկներ դարձած ժպիտն է հողի
Ու մեր դպրության անմահ հանճարը:
Շիրազն իմաստուն մեր ապուպապն է,
Մեր գերդաստանի մանուկն է անեղձ,
Եվ ավանդական մեր երգի թափն է՝
Նարեկից մինչև Եղիշե Չարենց:
Շիրազը մեր շեն օջախի ծուխն է,
Կարոտի լեռը ու խիղճը անբիծ,
Մեր ցավից պոռթկված այն հրաբուխն է,
Որ շպրտում է իր խառնարանից
Հրի փոխարեն՝
Լալ ու գոհարներ:
Շիրազն հավերժի հավերժող ձայնն է՝
Դարերից եկած՝ ուղղված դարերին,
Շիրազը հայոց վշտի արձանն է
Ու մոնումենտը գալիք օրերի:
Շիրազը չքնաղ մեր Երևանն է,
Արցախն ու Վանը, Եփրատն ու Անին,
Մեր Հրազդանն ու Մարութա սարն է,
Կապույտ ծփանքը՝ հրաշք Սևանի:
Շիրազը միշտ կա,
Մասիսը վկա,
Վկա Արագածն
Ու Սիսը վկա-
Քանի ապրում ենք այս երկնքի տակ-
Շիրազով պիտի մեր սիրտը բանանք,
Շիրազով պիտի չափենք մեր թափը,
Հայոց Շիրազով պիտի իմանանք
Մեր ոգու ուժն ու մեր սիրո չափը:

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
1984 թիվ, 17-ին մարտի

4.26.2014

Հարևանություն


Ես և Սեդրակ Մարգարիչը տասը տարվա պատը պատին հարևաններ ենք, և այդ տասը տարում իրար դեռ ոչ մի անգամ ցուրտ խոսք չենք ասել։ Բնակարանամուտի առաջին օրը նստած հեռուստացույց էի դիտում, մեկ էլ հանկարծ՝ թա՛խկ-թըրա՛խկ, թա՛խկ-թըրա՛խկ, թա՛խկ-թըրա՛խկ, և միջնապատի ծեփը շռնդալով թափվեց նոր գնած բազմոցի վրա։

- Սեդրակ Մարգարի՛չ,- գոռացի,- այդ ի՞նչ բանի եք։
- Բան չկա, հարևան ջան,- պատասխանեց,- մի երկու մեխ է, հիմա կվերջացնեմ։
Երբ նա վերջացրեց իր երկու մեխը, ես իսկույն խանութ վազեցի, կես կիլո մեխ գնեցի ու սկսեցի շարել պատին՝ թա՛խկ-թըրա՛խկ, թա՛խկ-թըրա՛խկ...

Հիմա էլ Սեդրակ Մարգարիչը սկսեց այն կողմից.
- Արամ Ազատի՛չ, ի սեր աստծո, մի քիչ կամաց, պատին սվաղ չմնաց։
- Բան չկա, Սեդրակ Մարգարիչ,- պատասխանեցի,- մի կես կիլո մեխ է, շուտով կվերջացնեմ։

Երկու ամսից հետո Սեդրակ Մարգարիչն իր կնոջ ծննդյան օրն էր նշում։ Բաժակաճառեր, ծափ, ծիծաղ, աղմուկ ու աղաղակ։ Մրցություն էր ծավալվել, բոլորն էլ ուզում էին մեկը մյուսից բարձր գոռալ։
Բռունցքով ծեծեցի պատը՝ չլսեցին։ Կոշիկներով ծեծեցի՝ չլսելուն դրեցին։ Սկսեցի մուրճով ծեծել։

- Սեդրակ Մարգարի՜չ, խնդրում եմ մի քիչ կամաց, գլուխս պայթում է։
Սեդրակ Մարգարիչը գինով էր, բարձր տրամադրությամբ պատասխանեց.
- Հարևան ջան, ցավդ տանեմ, խնդրում եմ վատ բան չկարծես, այս աղմուկը բարի նպատակների աղմուկ է։

Հաջորդ կիրակի հավաքեցի մեր բակի հայտնի աղմկարարներին ու սկսնակ կլարնետիստներին և կնոջս ծննդյան օրն այնպիսի մակարդակով նշեցի, որ Սեդրակ Մարգարիչի նյարդերը չդիմացան, գլուխն առավ ափերի մեջ ու շատ քաղաքավարի բղավեց.
- Արամ Ազատի՛չ, ախր, գիշերվա ժամը մեկն է:
- Խնդրում եմ ներող լինեք, հարևան ջան,- պատասխանեցի,- այսօր կնոջս ծննդյան օրն է, կաշխատեմ առավոտյան ժամը վեցին լավ հարևանների կենացով ամեն ինչ հաջողությամբ վերջացնել։

Ձմեռնամուտին Սեդրակ Մարգարիչն իր բնակարանում վառարան դրեց, և խողովակը հրացանի փողի պես ուղղեց դեպի մեր պատշգամբը։
- Սեդրակ Մարգարի՜չ,- ասացի,- թույլ տվեք իմանալ, այս ի՞նչ ծուխ է։
- Բան չկա,- պատասխանեց,- փայտ չունենք, թեփ ենք վառում։

Ես, առանց երկար-բարակ մտածելու, իսկույն մեր վառարանի խողովակը հեռահար հրանոթի փողի պես ուղղեցի դեպի նրանց պատշգամբը։
- Արամ Ազատի՜չ,- վիզը պատշգամբից ձգեց Սեդրակ Մարգարիչը,- ախր, խեղդվեցինք, այս ի՞նչ զզվելի ծուխ է։
- Դատարկ բան է,- պատասխանեցի,- մազութ չեմ գտել, ստիպված սոլյարկա ենք վառում։

Սեդրակ Մարգարիչն իր աղջկա համար դաշնամուր գնեց, իսկ ես դաշնամուրի ձայնը խլացնելու նպատակով, տղայիս համար դհոլ գնեցի, ինձ համար՝ զուռնա, կնոջս համար՝ գալարափող, աղջկաս համար՝ ջութակ։
Սեդրակ Մարգարիչը մի պստիկ շուն գնեց, իսկ ես մեր բնակարանում տեղավորեցի գայլախեղդ հսկա մի գամփռ։ Երբ այն կողմից Սեդրակ Մարգարիչի խղճուկ շնիկը «ծա՛վ-ծա՛վ» էր անում, մեր գամփռն այնպիսի բասով էր պատասխանում, որ ամբողջ շենքը դղրդում էր։

Եթե վաղը Սեդրակ Մարգարիչը հանկարծ փորձի իր բնակարանում արջ պահել, ես Աֆրիկայից կամ Հնդկաստանից փիղ բերել կտամ։

4.08.2014

Ավանդապատում կամ պատմվածք տատիս մասին


Շատ ու շատ տարիներ առաջ, երբ դեռ նոր էր Աստված ստեղծել ծառերն ու ծաղիկները, ծովերն ու գետերը, լեռներն ու անտառները, երկինքն այնքան ցածր էր, որ նապաստակներն անգամ կանգում էին լեռների գագաթներին, հոտոտում աստղերը։ Լուսինը քիչ էր մնում դիպչեր բարձր ծառերի ճյուղերին, արեգակը մի քիչ լուսնից բարձր էր։ Սկզբում ոչ ոք չէր իմանում, որ աստղերը ոսկուց ու ադամանդից էին, և մարդիկ ապրում էին հաշտ ու խաղաղ։ Բայց շուտով նրանք հասկացան այդ, բարձր աստիճաններ պատրաստեցին, բարձրացան երկինք ու սկսեցին ջարդել աստղերը։ Բոլորն էլ ցանկանում էին հարստանալ։ Ոսկու տենդով արբած մարդիկ բզկտում էին իրար։ Գիշեր-ցերեկ ջարդում էին աստղերը, մեկը մյուսից գողանում ոսկու և ադամանդի թանկարժեք կտորները, տանում թաքցնում որտեղ որ կարող են։ Սկսեցին պատերազմները. սկզբում տերությունն էր կռվում տերության դեմ, ցեղը՝ ցեղի դեմ, հետո գյուղը ելավ գյուղի դեմ, քաղաքը՝ քաղաքի դեմ, հարևանը՝ հարևանի դեմ, եղբայրը՝ եղբոր դեմ։ Եղան մեծ արյունահեղություններ։ Ով ուժեղ էր, նա էլ հարստանում էր, թույլերին սպանում։ Թագավորներն ուզում էին, որ իրենց թագերը, գահերը, պալատների սյունները զուտ ոսկուց և ադամանդից լինեն։ Թագուհիները շողշողում էին արծաթի, ոսկու, ադամանդի մեջ։ Իշխանները ման էին գալիս ոսկե գավազաններով և արծաթե կառքերով։ Այդ ամենից հասարակ ժողովրդին բաժին չէր հասնում։

Աստված վերևից տեսավ մարդկային այս անարդարությունն ու անհավասարությունը և խիստ զայրացավ՝ այդ ովքե՞ր և ի՞նչ իրավունքով են ջարդում իմ ստեղծած աստղերը։ Եվ նրա կամքով երկինքը բարձրացավ ու սկսվեց Մեծ ջրհեղեղը։ Շատ քաղաքներ, գյուղեր, լեռներ, անտառներ, այգիներ մնացին ջրերի տակ։ Եվ եթե չլիներ Նոյ նահապետը, մարդկային ցեղը իսպառ կվերանար աշխարհի երեսից...

Դա պատմում է տատս։ Ումի՞ց է լսել այս առասպելը, իր տատի՞ց, թե՞ պապից։ Չգիտեմ։ Գուցե ինքն է հորինել…
Ես վաղ մանկությունից սիրում էի լսել մեծերի պատմած ավանդություններն ու լեգենդները, հեքիաթներն ու զրույցները։
Տատս, այդ անմեղ, բարի, հաճախ երեխայի պես միամիտ կինն ունի իր ուրույն պատմելաձևը, իր ոճը։ Նրա անկեղծությունն ու միամտությունը հաճախ հասնում էր սրամիտ ու գեղեցիկ անեկդոտների։ Այսպես, նա մի օր կանչեց մորս, թե՝ ռադիոն անջատիր, ուզում եմ լողանալ։ Մայրս զարմացավ, իսկ նա՝ «Աղջի, բա ամոթ չի՞... խոսողն էլի կնիկ լիներ, ոչինչ, տղամարդ է»։

Տատիս ավագ քույրը՝ Նանա բիբին, մահամերձ էր։ Նա իր մահկանացուն կնքելուց առաջ տատիս ասաց. «Մանիշակ, աչքերս դու քո ձեռքով կփակես։ Տես, հա, շատ լաց չլինես, թե չէ՝ շատ կնեղանամ... Էն անունը կտրած Գյուլլուհուն կասես իմ կողմից, որ ինքն ինձ լողացնի ու շորերս հագցնի։ Հա, քանի միտս է, ասեմ՝ թող բրդե փափուկ գուլպաներս չմոռանա։ Գիտես, չէ՞, ոտքերիցս շատ եմ խեղճ»։ Տատս թաշկինակը մոտեցրեց աչքերին ու խոսեց. «Նանա աքա, ախր, ինչի՞ ես էդքան թայդի ընկնում (այսինքն՝ շտապում), իմանում ես, թե էն աշխարքում լա՞վ է։ Ախր, գնացողն էլ ետ չի գալիս, է՜, ետ չի գալիս»։

Հետո սկսեցին հիշել իրենց անցած գնացած օրերը։ «Մանիշակ, միտդ է...»։ «Նանա աքա, բա քո մի՞տն է, էն որ Սանգարում արտ էինք քաղահանում...»։ Տատս սկսեց իր պատմությունը, վերջացրեց։ Նանա բիբին նույնպես վերջացել էր։ Տատս մատներով փակեց նրա կոպերը, համբուրեց արդեն սառած ճակատն ու ասաց. «Նանա աքա, է, քե մատաղ, լավ բան չարեցիր...»։
- Ինչպիսի մարդ էր պապս...

Տատս տխուր ժպտում է, ապա մի պահ ամփոփվում ինքն իր մեջ ու պատմում.
- Թուխ բեղեր ուներ պապդ, թուխ հոնքեր, թուխ ճակատ՝ թուխ մազեր վրան։ Նստում էր թուխ ձին ու թուխ փափախի տակից բոցկլտում էին թուխ աչքերը։ Ջահել-ջիվան տղա էր...
Այստեղ մի պահ կարկամում է ձայնը, աչքերը ջրակալում են։

- Հանդից եկավ տուն, պառկեց թախտին ու մղկտում էր ցավից։ Ոչ սուրբ Սարիբեկը օգնեց, ոչ հեքիմ Մանասը։ Աստված չլսեց ձայնս։ Խեղճ մարդը լուսաբացին մոմի պես թրթռաց, մոմի պես հանգավ։ Քսանչորսը դեռ չէր լրացել։
Տատս ամուսնու, այսինքն՝ պապիս մահից հետո ապրեց վաթսուն տարի ու երբեք չմոռացավ նրան։
Գարնանամուտին ընկավ անկողին։ Նա իր վերջին օրերն էր ապրում։ Երբ արդեն զգաց, որ մահը մոտ է, կանչեց հորս, բռնեց նրա ձեռքն ու կամաց, շատ կամաց ասաց.

- Մի բան եմ խնդրում,- և նա վերջին անգամ նայեց պատից կախած պապիս լուսանկարին ու հառաչեց,- ինձ էն ջահել ջիվանի մոտ չթաղեք... ամոթ է։
Հրաշք կին էր տատս։

«Կապույտ տարիներ» վիպակից

4.03.2014

Օգտակար խորհուրդներ անփորձ կնամոլներին


Հանրահայտ երգն ասում է. «Ծառերը ծաղկում են տարին մի անգամ...»։ Բայց դու ծառ չես, ինչո՞ւ կյանքում միայն մի անգամ ծաղկես։ Մի երգ, որ կրկնում ես շարունակ, ձանձրանում ես, մի կերակուրը, որ չորս անգամ իրար վրա ուտում ես՝ էլի ես ձանձրանում։ Կարո՞ղ ես վեց անգամ դիտել միևնույն ներկայացումը կամ կինոն ու՝ չձանձրանալ։

Այդպես էլ ամուսնությունը։
Երկու տարի մի կնոջ հետ ապրել ես, իրար «ջան» եք ասել, «ջան» լսել, և սիրտդ մի ուրիշ կնիկ է մտել։ Այստեղ ամաչելու ու վարանելու բան չկա, որ կնիկդ մի օր «ջան» է ասում, դու էլ «չոռ» ասա։ Բան է, եթե ինքը «չոռ»-իդ «ջան»-ով պատասախանի, հիմա էլ «զահուրմար» ասա։ Ու կտաք՝ կռվեք։ Դե պարզ բան է, կռվի մեջ չամիչ չեն բաժանում... Կնիկդ հենց որ հերանց տան ճանապարհը բռնեց, դու էլ սիրեկանիդ տան ճանապարհը բռնիր։

Սիրեկանիդ անունն ի՞նչ է. ասենք՝ Մերի է։ Գնում ասում ես՝ Մերի, ախր, ինչո՞ւ առաջինը քեզ չեմ հանդիպել ու քեզ հետ կյանքս կապել։ Վե՛րջ, սպանես էլ, ես քեզնից հեռացողը չեմ։ Եթե մի քիչ համառի, լվացքի թոկը վիզդ գցի և ցույց տուր, որ իսկապես ուզում ես կախվել։ Բան է, թե որ չհավատա, թոկի մի ծայրն էլ նրա վիզը գցիր ու ասա՝ միասին ենք կախվում։

Երկրորդ կնոջդ հետ արդեն մի վեց ամիս ապրել ես, և հանկարծ մի ուրիշն է սիրտդ մտել։ Հիմա կարող ես շաբաթը երկու անգամ հարբած տուն գալ, ամեն դատարկ բանի համար կռիվ սարքել, երանի տալ այն օրերին, երբ ապրում էիր առաջին կնոջդ հետ։ «Ինչպե՜ս սխալվեցի,- կասես,- իմ գյոզալական կնիկը թողած, այս օձն ինչպե՜ս փաթաթվեց վզիս»։

Վերջ, հասել ես նպատակիդ։ Կարող ես երրորդ աչքադրած կնկա դուռը շատ քաղաքավարի ծեծել, մտնել ներս, մի երեք բերան հառաչել, մի երկու կաթիլ արցունք գցել։ Կանայք տղամարդկանց սրտին այնքան չեն հավատում, որքան այդ երկու կաթիլ արցունքին։

Երրորդ ամուսնությունից հետո մի երկու տարի կհանգստանաս, ուժ կհավաքես չորրորդ ամուսնության համար։ Եթե կնիկդ աղջիկ բերի, կբողոքես. «Ինչո՞ւ աղջիկ և ոչ տղա»։ Իսկ եթե տղա բերի, կասես. «Ինձ նման չի, ուրիշից է»։ Եթե ոչ տղա բերի, ոչ էլ աղջիկ, ազատ ես, գնացք նստիր ու չվիր պատահական քաղաքի ուղղությամբ։ Պատահական քաղաքում կարող ես պսակվել նաև ջահել հարսնացուի հետ և ձևացնել ամուրի։ Հո ճակատիդ գրած չի, որ դրանից առաջ երեք անգամ հաջողությամբ պսակվել ես և հաջողությամբ բաժանվել։

Այսպես կանցնի մի տարի, երկու տարի, և մի օր էլ քո նախկին կանանցից որևէ մեկը կիմանա հասցեդ, կբողոքի, որ ալիմենտ չես վճարում, չորրորդ կնիկդ քեզ կանվանի խաբեբայի մեկը և հենց առաջինն ինքը կբաժանվի քեզնից։

Այստեղ դու այլևս անելիք չունես, եղած-չեղածդ հավաքիր, և եթե շատ ես շտապում, ինքնաթիռ նստիր ու բռնիր մի ուրիշ քաղաքի ճանապարհ... Սրանից դենը քո գործը դու լավ գիտես, որովհետև բավականին փորձ ես կուտակել։ Հինգերորդ պսակից հետո էլ կարող ես սեզոն գնալ, ծանոթանալ մի ուրիշ՝ սեզոնում ամուսնուն կորցրած կնոջ հետ։ Բան է, եթե դրա ամուսինը հայտնվի, թողիր ու փախիր, իսկ եթե չհայտնվի, մի ուրիշ տեղ սեզոն գնա ու մի անգամ էլ բախտդ փորձիր։

Հայտնի բան է՝ ծառը որ ծառ է, տարին մի անգամ ծաղկում է, էլի հավերժական չի, կամաց-կամաց ծերանում է, շարքից դուրս գալիս։

Ճիշտ է, դու ծառ չես, մարդ ես, և մի օր էլ զգում ես, որ չունես նախկին ուժն ու եռանդը, գլխիդ մազերը ճերմակել են, դեմքդ՝ կնճռոտվել, ձայնդ՝ խզվել, աչքերիդ՝ լույսը պակասել... Քեզ ի՞նչ է մնում, մի տաքուկ անկյուն գտիր, թիկնիր բարձին ու ինքդ քեզ համար երգիր.

- Երեկ լավ էր, քանց թե էսօր, խաղերումեն բեզարիլ իմ...
Որ «խաղերումեն» լրիվ բեզարես պրծնես, բոլորովին չամաչես, կհեռագրես քո նախկին կանանց ու երեխաներին. «Մեռնում եմ, վախենում եմ թաղող չլինի»։

Բայց այստեղ վախենալու բան չկա, թաղողներ կգտնվեն, իսկ թե ով գերեզմանիդ մի քար կդնի, աստված գիտե...

3.26.2014

Թե՛ արձակում և թե՛ պոեզիայում Օվյանի խոսքը թարմ էր, ինքնուրույն


ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
գրող, հրապարակախոս

Վազգեն Օվյանը վառ արտահայտված անհատականություն էր մեր գրական անդաստանում՝ ոչ միայն իր ստեղծագործություններով, այլ նաև իր կեցվածքով, մարդկային դրսևորումներով։ Ի տարբերություն շատերիս, նա վաղ մտավ գրական աշխարհ, դեռ դպրոցական տարիներից նրա բանաստեղծություններն ու ֆելիետոնները տպագրվում էին «Խորհրդային Ղարաբաղում»։ Հատկապես ֆելիետոնները և երգիծական ոտանավորներն առաջ էին բերում ընթերցողների քրքիջն ու հրճվանքը։ Մարդիկ կարիք ունեին քրքջալ այն այլանդակ երևույթների վրա, որ կային կյանքում։

Երկար տարիներ մենք աշխատել ենք մարզային ռադիոյում, նստում էինք նույն աշխատասենյակում, դեմ-դիմաց։ Առավոտ կանուխ, մենք շուտ էինք գալիս աշխատանքի, նա բացում էր իրենից անբաժան թղթապանակը, այնտեղից հանում, ինչպես ասում են, դեռ թանաքը չչորացած թերթիկները ու սկսում կարդալ։ Գիշերները նա շատ էր աշխատում, կարդում էր նոր գրած բանաստեղծությունները, որոնք ի մեծի մասի երգիծական բնույթ ունեին։ Լավ հումոր էր, երբեմն կծու երգիծանք, քահ-քահ ծիծաղում էինք։

Վ. Օվյանի պոեզիայում նկատվում էր էպիկական շունչ, և նրան խորհուրդ էի տալիս, որ անցնի արձակի։ Իմ հորդո՞րն էր, թե՞ ուղղակի նրա տաղանդն էր հուշում, անցավ արձակի, և այստեղ էլ տեղի ունեցավ նույնը՝ կյանքի թարմ ընկալում, ինքնատիպ հուզական արձակ։ Ընդհանրապես, Վազգեն Օվյանը բազմակողմանի տաղանդի տեր էր և հետագայում, երբ հասունացել էր, գրեց դրամատիկական գործեր, որոնք հաջողությամբ բեմադրվեցին Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում։

Երբ առաջին բանաստեղծությունները, առաջին գիրքը հրատարակվեց, մամուլը, գրասեր հասարակությունը ծափողջույններով դիմավորեց... Թե՛ արձակում և թե՛ պոեզիայում Օվյանի խոսքը թարմ էր, ինքնուրույն։ Սիրում էին նրա պոեզիան, նույնը նաև նրա պատմվածքները. երբ առանձին գրքով լույս տեսան, նրանք, Շիրազի ասած, գարնանամուտի թարմություն էին բերել՝ իր գյուղից, իր ապրումներից, իր ծննդավայրից, իր լեռնային միջավայրից... Դա գալիս էր գրողի տաղանդի բնույթից, անձնական նկարագրից։

Անկեղծ էր ու հավատավոր, մանկան պես միամիտ։ Բառն ընկալում էր իր նախնական իմաստով, վարքագծի երկիմաստությունը չէր ընդունում, չէր ընկալում։ Նրան կարելի էր հեշտ մոլորեցնել։ Աշխատանքի բերումով, թերևս ընկերական հարաբերությունների թելադրանքով դիտողություն էի անում, նրա փոխարեն վրդովվում. Տնաշեն, ասում էի, ամեն ասածի մի հավատա։ Բայց ո՞ւմ ես ասում։ Մարդն այդպիսին էր, անկեղծ ու հավատավոր, և այդպիսին էլ մնաց գրականության մեջ։ Գուցե բնավորության և ի վերջո տաղանդի այդ գիծը այն երակն էր, որ իսկապես նրա գրականությունը դարձնում է արժեքավոր։

Մեր Արցախյան շարժման ամբողջ ընթացքում երկու բան կսկիծի նման անընդհատ հետապնդում էր. որ եթե մեր Շարժման մեջ կենդանի լիներ Սևակը, այն ինչպիսի հզոր լիցք կստանար նրա խոսքից։ Այս նույն միտքը ես կապում եմ նաև Վազգեն Օվյանի հետ. որ եթե նա կենդանի լիներ, ինչպե՜ս կփայլատակեր իսկապես նրա մեծ երգիծանքը, հատկապես ադրբեջանական մամուլի դեմ գաղափարական պայքարում։ Բայց, ավա՜ղ, կյանքը տնօրինեց այլ կերպ։

Սակայն, այնուամենայնիվ, այն գաղափարները, հանուն որոնց ապրում ու ստեղծագործում էր, նախակարապետը եղան այն գոյապայքարի, որ տեղի ունեցավ նրանից հետո։ Այսօր, կարծում եմ, մեր քաղաքացիական, մարդկային պարտքն է, որպեսզի վերհիշենք մեր գործընկերոջը, մեր տաղանդավոր գրողին։




Մոխրամանը


Գուշակուհին քառասունն անց, կարմիր թշերով, թուխ աչք-ունքով կին էր, և ինչպես բոլոր գուշակները, պնդերեսի մեկն էր։

Տիկին Անուշն ուզում էր դուռը փակել նրա առջև, բայց փոշմանեց ու ասաց.
- Լավ, խոսիր՝ տեսնենք։

Գուշակուհին բռնեց նրա ձեռքն ու ասաց.
- Ձեր տան վրա մի սև օձ է կախվել, ուզում է քեզ խայթել:
Տիկին Անուշը հիշեց իր տեգերկնոջ վեճն ու շարժեց գլուխը.
- Հա, այդ մեկը ճիշտ է։

Գուշակուհին ասաց.
- Քեզ հետ վերջերս մի անախորժ դեպք է պատահել։
Տիկին Անուշը մի քանի օր առաջ ինչ-որ դատարկ բանի համար գժտվել էր ամուսնու հետ, և խոնարհեց գլուխը.
- Այո։

Գուշակուհին ասաց.
- Մոտ ապագայում ձեզ հետ մի տխուր դեպք պիտի պատահի... Մի հուզվիր, վիշտը թեթև կլինի։
Տիկին Անուշը հիշեց հարյուրամյա պապին և համարյա նույն տարիքի կեսրոջն ու ճպճպացրեց աչքերը։
- Լավ, շարունակիր։

Գուշակուհին շարունակեց.
- Այս շենքում մի կին քո բարին չի ցանկանում։ Իսկ դու չափազանց անկեղծ կին ես, ամենքի առաջ սիրտդ բացում ես։
- Այդպես է,- չգիտես ինչու ուրախացավ տիկին Անուշը և աթոռ առաջարկեց նրան։- Խնդրում եմ, շարունակիր։

Գուշակուհին աչքը գցեց սեղանին դրած արծաթե մոխրամանին ու ասաց.
- Դու կասկածում ես ամուսնուդ հավատարմության վրա։ Մի կին, որ քո մատի եղունգը չարժե, ուզում է խաղալ քո բախտի հետ։
- Այդպես է,- հառաչեց տիկին Անուշը։- Այդ զզվելին աշխատում է ամուսնուս մոտ։ Տնտեսագետ է։

Գուշակուհին գույնզգույն թելեր պահանջեց, թելերը կցմցեց իրար ու ասաց.
- Այս մի սև թելով սև օձի բերանն եմ փակում, այս մի դեղին թելով վատդ ցանկացողի ոտն եմ կապում, այս կանաչ թելով էդ տնտեսագետի աչքն եմ հանում, այս մի կարմիր թելով բացում եմ բախտիդ դուռը։ Եղավ քառասուն ռուբլի։

Գուշակուհին ստացավ պահանջած գումարը, ելավ տեղից, ժպտաց խորամանկ ու արագ-արագ վրա տվեց.
- Ձեր տանն այսօր անհաճելի վեճ ու զրույց կլինի և մի թեթև կորուստ։
- Կորո՞ւստ,- ճչաց տիկին Անուշը, բայց գնչուհին արդեն փողոցումն էր։

Երեկոյան, երբ տիկին Անուշն այս ամենը պատմեց ամուսնուն, վերջինս խիստ զայրացավ, անվանեց նրան քաղքենի, հետամնաց ու տգետ։
Տիկին Անուշն էլ իր հերթին վիրավորական խոսքեր ասաց ամուսնուն ու նետեց.
- Այո, նա ամեն ինչ ճիշտ է գուշակել։ Նա այդպես էլ ասաց. «Այսօր ձեր տանը խոսք ու զրույց կլինի և...»։

Ամուսինը ծխախոտ վառեց, ծուխը ներս քաշեց, ուզում էր լուցկու վառած հատիկը նետել մոխրամանի մեջ, և մոխրամանը, որ միշտ սեղանին էր լինում, հիմա այնտեղ չէր:
- Եվ ի՞նչ,- հարցրեց ամուսինը։
Տիկին Անուշը նոր միայն հասկացավ, որ արծաթե մոխրամանը գուշակուհին թռցրել է, ընկավ բազմոցին ու փշրված ձայնով ասաց.
- Եվ մի կորուստ: Մոխրամանը չկա...

Ծափերը


             Լեոնիդ Ենգիբարյանի պայծառ հիշատակին

Ձեռնածուն ուրիշ նոր ֆոկուս ցույց տվեց։ Նա ճերմակ թաշկինակը փաթաթեց ճերմակ թղթի մեջ, թափահարեց օդում, փոքրիկ փաթեթի միջից մի վարդագույն թաշկինակ ընկավ։ Վարդագույն թաշկինակը փաթաթեց՝ կապույտ թաշկինակ հանեց, կապույտը փաթաթեց՝ ոչ մի բան չհանեց։

- Հայրի՛կ,- առաջին շարքում նստած փոքրիկ շիկահեր տղան բռնեց հոր թևը, ականջին շշնջաց,- ես ծաղրածու եմ ուզում։
- Որ քեզ խելոք չպահես, ծաղրածուն կխռովի,- պատասխանեց հայրը։- Հապա մի լավ նայիր, տես ֆոկուսնիկ քեռին ինչ է անում։

Երկու տղամարդ ներս բերեցին երկու մեծ արկղ, ձեռնածուն ձեռքով մոտ կանչեց անկյունում կանգնած բաց սրունքներով աղջկան, պառկեցրեց դարչնագույն արկղի մեջ, կարմիր շորով ծածկեց։ Հաղթ ուսերով տղամարդը թեթև փետուրի պես մի ձեռքով վեր բարձրացրեց արկղը, պտտեցրեց ու դրեց գետնին։ Ձեռնածուն վերցրեց կարմիր ծածկոցը, հանդիսատեսներին ցույց տվեց դատարկ արկղը և ապա մոտեցավ, բացեց երկրորդ արկղի կափարիչը։ Երկրորդ արկղից թռավ բաց սրունքներով աղջիկը, ժպտաց հանդիսատեսներին։

- Հայրիկ, իսկ որտե՞ղ են ծաղրածուները,- հարցրեց տղան։- Որտե՞ղ են կարմիր, կանաչ, կապույտ թասակավոր ծաղրածուները։
- Եթե խելոք չմնաս, ես քեզ համար հեծանիվ չեմ գնի,- ասաց հայրը։
- Ես հեծանիվ չեմ ուզում, ծաղրածու եմ ուզում։
- Հապա նայիր, առյուծներն են գալիս։

Ժոկեյի կանաչ տաբատով, երկար մազերով, երկարաճիտ կոշիկներով աղջիկը մտրակը թափահարելով ներս բերեց երկու առյուծի։ Մտրակի շրխկոցների տակ առյուծները խեղճացան ու պառկեցին գետնին։ Աղջիկը վառեց բարձր գմբեթից կախած օղակը, թափահարեց մտրակն ու գոչեց.
- Ալե՜յ, հո՛պ...

Առյուծներն իրար ետևից ցատկեցին հրե օղակների միջով։ Նույն բանը կրկնվեց երեք անգամ, միայն այն տարբերությամբ, որ վերջին ցատկի ժամանակ առյուծներն ավելի բարձր էին մռնչում։

Այնուհետև եկավ փիղը, աղջկա հրամանով չոքեց, պառկեց, կանգնեց զույգ ոտքերի վրա ու կնճիթը թափահարեց։ Ուղտերն իրենց բրդոտ սապատները ճոճելով, պտտվեցին կլոր հարթակում, արջերը մրթմրթալով հեծանիվ քշեցին, շները վազեցին ֆուտբոլի գնդակի ետևից, նապաստակն ու գայլը պառկեցին կողք-կողքի...

Տղայի համար առյուծները, ուղտերը, արջերը, գայլն ու նապաստակը խրտվիլակներ էին, բայց, այնուամենայնիվ, փիղը մեղք էր, որովհետև չոքում, զույգ ոտքերի վրա կանգնում էր մեծ դժվարությամբ, և ո՞վ գիտե, գուցե լա՞ց էր լինում։

- Ես ծաղրածու եմ ուզում, իսկական ծաղրածու,- գոչեց տղան և դահլիճը ծիծաղեց։
- Ամոթ է,- սաստեց հայրը,- ես քեզ այլևս կրկես չեմ բերի։
- Բայց ես ծաղրածու եմ ուզում,- նա թախանձանքով նայեց հոր դեմքին և ուռցրեց այտերը։- Որտե՞ղ են ծաղրածուները։
- Քեզանից լավ ծաղրածո՞ւ,- իբր սրամտեց հայրը։- Տզտզանի մեկը։

Երաժշտությունը թնդաց, նույն պահին հայտնվեցին օդային մարմնամարզուհիները՝ փայլփլուն, մարմիններն ամուր սեղմած մայկաներով ու կիսավարտիքներով, կախվեցին օղակներից, սկսեցին ճոճվել օդում՝ բարձր գմբեթի տակ։ Հզոր յուպիտերների լույսի ներքո նրանք գեղեցիկ էին, շլացուցիչ, գայթակղող ու եթերային։ Վարդագույն մայկայով ու կիսավարտիքով աղջիկը ակրոբատիկ ցատկեր կատարեց, գալարվեց օձի պես, տարածեց վարդագույն թևերը, նազանքով խոնարհվեց հանդիսատեսներին։

- Լավ է, չէ՞,- հայրը շոյեց տղայի գլուխը։
- Չգիտեմ,- տղան շարժեց ուսերը։- Ես ծաղրածու եմ ուզում։
- Դու քո ծաղրածուներով մեզ սպանեցիր։ Խնդրեմ, ահա նրանք գալիս են։

Ծաղրածուները երկուսն էին՝ մեկը կանաչ, ծոպավոր թասակով, բավականին մեծ-մեծ կոշիկներով և տաբատի նեղ փողքերով, մյուսը՝ երկար, նարնջագույն քթով, երկփեղկված ճաղատով ու պոմիդորի պես կարմիր այտերով։ Ճաղատը ապտակեց ծոպավոր թասակավորին, ծոպավոր թասակավորը գրպանից հանեց մուրճը, խփեց նրա գլխին, ճաղատից ճարճատելով կայծեր թռան։ Դահլիճը ծիծաղեց։ Ճաղատը հարձակվեց նրա վրա, պոկեց քիթը, և որովհետև դա քիթ չէր, այլ իսկական գազար, դանակով բաժանեց երկու հավասար մասի, կեսը վերադարձրեց տիրոջը, կեսն ինքը կերավ։ Դահլիճը ծիծաղեց։

Ճաղատը գրպանից հանեց օղու թե լիմոնադի շիշը, պարունակությունը դատարկեց թասակավորի կոկորդի մեջ, մատով սեղմեց նրա ճակատը, թասակավորի զույգ ականջներից ջուր շատրվանեց։
Դահլիճը ծիծաղեց։

Ճաղատ ծաղրածուն նայեց, տեսավ առաջին շարքում, հոր կողքին նստած շիկահեր մանչուկին, մոտեցավ, գրպանից մի կարմիր խնձոր հանեց, մեկնեց նրան ու ասաց.
- Բալի՛կ, սա այն հրաշք խնձորներից է, որ միշտ հեքիաթների վերջում ընկնում է երկնքից։ Հապա՛ փորձիր։

Տղան գիտեր, որ դա իսկական խնձոր չէր, այլ ծաղրածուի հերթական ֆոկուսն էր, պատասխանեց.
- Ծաղրածո՛ւ, չեմ ուզում, հեքիաթների խնձորները համ չունեն։
Դահլիճը և՛ ծիծաղեց, և՛ ծափահարեց։ Ծափերն ուղղված էին շիկահեր տղային, ծիծաղը՝ ծաղրածուին։

* * *
Նա առավոտյան պտտվեց կրկեսի շենքի շուրջը։ Ջրավազանի մոտ կանգնած անծանոթ մարդը նկատեց ու հարցրեց.
- Պստիկ, ո՞ւմ ես որոնում։
- Ես ուզում եմ խոսել ծաղրածուի հետ,- մեծավարի պատասխանեց տղան։
- Ծաղրածուները շատ են։
- Գիտեմ,- ասաց տղան։- Ես ուզում եմ խոսել այն ճաղատ ծաղրածուի հետ, որն ինձ երեկ ուզում էր հյուրասիրել հեքիաթի խնձորով։
- Ահա թե ի՜նչ,- անծանոթը մեկնեց ձեռքը։- Դե, ուրեմն, նախ և առաջ ծանոթանանք։ Անտոն Պլատոնովիչ։ Վաստակավոր արտիստ։

Տղան նույնպես ասաց իր անուն-հայրանունը ու հարցրեց.
- Իսկ ինչո՞ւ դուք ճաղատ չեք։
- Ես միայն արենայում ելույթների ժամանակ եմ ճաղատանում։ Իսկ դու ինչի՞ մասին ես ուզում խոսել ինձ հետ։

- Ես ուզում եմ ծաղրածու դառնալ։ Դրա համար ի՞նչ է հարկավոր։
- Հումորի զգացում, տղաս։ Իսկ դու այդ մեկն արդեն ունես, երեկոյան տեսանք։
- Բայց ես ուզում եմ մե՜ծ, շա՜տ մեծ ծաղրածու դառնալ։
- Դա, իհարկե, դժվար է, բայց ոչ անհնարին։

- Ես ուզում եմ, որ մարդիկ չծիծաղեն ծաղրածուների վրա։
- Չծիծաղեն ծաղրածուների վրա՞,- ծաղրածուն լրջացավ։- Բայց դա ինչպե՞ս հասկանալ։
- Ծաղրածուն մարդ է, չէ՞ ։
- Իհարկե, մարդ է։
- Ծաղրածուն ուզում է, որ ամենքը ծիծաղեն վատ մարդկանց վրա։
- Ահա թե դու ինչպիսինն ես, շեկլիկ,- ծաղրածուն քնքշանքով շոյեց նրա մազերը։- Այդքան պստլիկ ու այդքան մեծ երազներ։ Զարմանալի է։ Իսկ ո՞վ գիտե, գուցե մի օր մենք հանդիպենք։

* * *
Որտե՜ղ ասես, որ չտարան նրան ճանապարհները. Մոսկվայից՝ Վարշավա, Հեռավոր Արևելքից՝ տոթակեզ Ուզբեկստան, Պրահայից՝ Լոնդոն, Բոմբեյից՝ Վաշինգտոն, Հռոմից՝ Լյուքսեմբուրգ... Որտե՜ղ ասես, որ նրան չծափահարեցին ու չդրվատեցին նրա անզուգական արվեստը՝ կրկեսի նոր աստղ, աշխարհի ամենազարմանահրաշ կախարդը, մնջախաղի ամենամեծ վարպետը…
Երբ կլոր դահլիճում մարեցին ծափերի տարափները, նա հոգնած ու գոհ մտավ գրիմանոց, ծաղկեփնջերը դրեց հարդասեղանին ու ընկղմվեց բազկաթոռի մեջ։ Ո՞վ էր այդ ծերունին, որ նստել առաջին շարքում, այդպես եռանդով ծափահարում էր իրեն։ Զարմանալի է, ծաղիկները սովորաբար աղջիկներն ու ջահել կանայք են նվիրում արտիստներին, և հանկարծ այդ ծերուկը մոտեցավ, կարմիր վարդերի մի փունջ մեկնեց ու ասաց. «Շնորհակալություն, որդի՛ս...»։
Նա վառեց հանգած սիգարետը, փակեց աչքերը։ Շնորհակալություն, որդիս։ Ձայնը կարծես ծանոթ էր, հեռուներից, շա՜տ հեռուներից էր գալիս։ Որտե՞ղ է տեսել այդ կապույտ աչքերը, որ ժպտում են այդպես ջինջ ու խորհրդավոր։

- Ներեցեք, ես ձեզ խանգարեցի։ Դռան մոտ կանգնած է ինքը՝ առյուծաբաշ ծերունին։
- Խնդրեմ, հայրիկ,- ցույց տվեց նրան դիմացի բազկաթոռը։- Նստեցեք։ Ես նոր, հենց հիմա մտածում էի ձեր մասին։ Դուք ինձ կարմիր վարդեր նվիրեցիք,- դեմքով ցույց տվեց վարդերի փունջը։

- Տարօրինակ է, չէ՞,- ծերունին թեթևակի խոնարհեց գլուխը։- Ես Ձեզ մոտ եմ եկել մի հարցով։
- Լսում եմ, հայրիկ։
- Գիտե՞ք, ես քսանհինգ տարի առաջ հանդիպեցի մի հետաքրքիր մանչուկի։ Դա Կիսլովոդսկում էր։ Նա ինձ ասաց՝ ուզում եմ մարդիկ չծիծաղեն ծաղրածուների վրա։

Արտիստը վառեց մեծ լապտերը, նայեց ծերունու դեմքին։
- Սպասեցեք, հայրի՛կ, դուք այն ճաղատ ծաղրածո՞ւն չեք... Եթե չեմ սխալվում՝ Անտոն Պլատոնովիչը...
- Աստվա՜ծ իմ, հիշում եք... Ինչ լավ է, որ հիշում եք։
- Իմ սիրելի բարեկամ,- նա գրկեց ծերունուն, պտտեցրեց, նստեցրեց բազմոցին, մոտ քաշեց աթոռը։- Վաղո՞ւց եք թողել կրկեսը։

- Վաղո՜ւց,- խոր հոգոց քաշեց ծերունին։- Ես այդպես էլ չկարողացա գտնել այն, ինչ որ դուք էիք երազում։ Հանդես եկա առանց դիմակի՝ չստացվեց։ Դիմակով՝ չստացվեց։ Մոսկվայում առաջին անգամ տեսա ձեր ելույթը ու հիշեցի այն շիկահեր տղային, որին այսօր աշխարհն է ծափահարում։ Ձեր մնջախաղը հրաշք է, տղաս։ Շնորհակալություն։

Ջահել արտիստը բռնեց ծերունու ձեռքն ու մտածեց. «Իսկ ես վաղը նորից կգնամ ծափեր հավաքելու։ Ո՞վ գիտե, գուցե գտնեմ այն ծափերը, որ իր ամբողջ կյանքում որոնել է այս բարի ծերունին ու չի գտել»։

Եղիշե Չարենց


Ընկեր Անդրանիկը մեղադրվում է Եղիշե Չարենցի հարցով։ Չարենցի հարցով ընկեր Խաչատրյանին հեռացրել են դպրոցից։ Չարենցի հարցում Պետունց Աշոտին սեղմել են պատին։ Եղիշե Չարենցը... Սո՛ւս, լռի՛ր, այդ անունն էլ չտա՛ս։
Գյուղսովետի նախագահ Սիմոն Ամիրյանը նայեց ակումբի բակում կանգնած Թարխանենց Եղիշեին, ծուռ-ծուռ նայեց. «Արա՛, այ հավարա, հերդ աշխարհում էլ ուրիշ անուն չի՞ գտել, որ անունդ Եղիշ է դրել։ Երկու օր քեզ ժամանակ, տար անունդ փոխիր»։

- Հորեղբայր, Եղիշե Չարենցն ո՞վ է։
Հորեղբայրս իբր զարմացած նայում է ինձ.
- Ի՞նչ Եղիշե Չարենց։
- Բա քեզ ինչո՞ւ են պատին սեղմել։

Նա նայում է շուրջը և շշնջում.
- Եղիշե Չարենցը բանաստեղծ է։
- Ի՞նչ է արել։
- Բանաստեղծություններ է գրել... Իսկ դու քիթդ մի՛ խոթիր, երեխա ես՝ գնա երեխայությանդ ետևից։
Գյուղսովետի նախագահ Սիմոն Ամիրյանը դուրս է գալիս ընկեր Անդրանիկենց տնից՝ թևի տակ մի քանի գիրք։
- Եղիշե Չարենցի գրքերն են,- ասում է քեռիս։- Է՜, ընկեր Անդրանիկին էլ կմեղադրեն։

Ընկեր Անդրանիկը հասնում է Սիմոն Ամիրյանին, ինչ որ բան է ասում, Սիմոն Ամիրյանը բղավում է.
- Ձե՛նդ, չարենցակա՛ն...
Երեկոյան հորեղբայրս գրքեր է թաքցնում մեր տանիքի տակ։ Ես լսում եմ նրա ձայնը.
Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված՝
Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված…

Դա ի՞նչ հին դաշտ էր, ի՞նչ խելագարված ամբոխներ էին, ո՞ւմ դեմ էին կռվում այդ խելագարված ամբոխները։ Յոթերորդ դասարանում սովորող քեռիս թերթում է իր դասագիրքը, ցույց տալիս ինձ թեք սանրած մազերով, մեծ քթով մարդու մի նկար. «Սա Եղիշե Չարենցն է»։ Նկարին երկար եմ նայում։ Կարդալ չգիտեմ, չեմ հասկանում տակն ինչ է գրած։ Քեռիս հիմա էլ բացում է իր քերականության դասագիրքը, մի նախադասություն կարդում. «Մեր սիրելի գրողներն են՝ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը և Ակսել Բակունցը»։

Սիմոն Ամիրյանը թևերը թիկունքին դրած, քայլում է փողոցով։ Քեռիս ականջիս փսփսում է, և ես բարձր, զրնգուն ձայնով կանչում եմ.
- Սիմո՛ն, Չարենցը եկավ, փախի՜ր...
Նա շրջվում է, դանդաղ մոտենում, բռնում ականջս.
- Լակո՛տ, դու էլ ես չարենցակա՞ն։
Ես դեռ Չարենց չկարդացած՝ չարենցական էի:

«Կապույտ տարիներ» վիպակից

3.09.2014

Վազգեն Օվյանի ֆենոմենը


Մի նախադասությամբ ասեմ. գրականությունը նրա համար ամեն ինչ է: Մեծ Վիլյամ Սարոյանը գրելու իր նպատակադրվածության մասին ասում է, որ դա աշխատանք է, ապրուստի միջոց: Ամերիկայում, այո, գրելը նույնն է, ինչ բոված շագանակ վաճառելը: Վազգեն Օվյանը խորհրդային իրականության մեջ է ապրել: Մի երկրում, ուր կարող էր ուսուցչություն անել, որովհետև ուներ բանասիրական բարձրագույն կրթություն, «կրծել գիտության գրանիտը», դառնալ գիտությունների թեկնածու, հետո՝ դոկտոր-պրոֆեսոր: Կամ՝ պետական-կուսակցական չինովնիկ: Գյուղացիական ծագման անբասիր կենսագրությունը նման հնարավորություն ընձեռում էր: Երկիրը «բանվորի տղուց պրոֆեսոր էր ձուլում»: Նույն կաղապարով, նույնանման՝ ինչպես զինվորի թուջե արձանիկներ, և նրանք «հիմնավորում էին» պետական գաղափարախոսությունը: Նաև՝ որ «գրականությունը կուսակցական է»:

Ապրուստ և հանրային դիրք ունենալու հնարավոր տարբերակներից Վազգեն Օվյանը ընտրել է գրողի դժվար առաքելությունը: Դժվար՝ առհասարակ: Լեռնային Ղարաբաղում՝ հատկապես: Քանի որ մինչ անցյալ դարի 50-60-ական թվականներն Արցախում գրականություն և գրական կյանք չկար: Պետք էր մի սերնդի նվիրյալ ջանք, որպեսզի այս հողի գլխին վառվեր հայ գրավոր խոսքի ջահը: Առանց չափազանցության՝ Լուսավորչի կանթեղը: Վազգեն Օվյանը «մեր կանչի վրա եկածներ»-ից եղավ: Չակերտների մեջ առնվածը Հրանտ Մաթևոսյանի բնորոշումն է, որ տվել է նախանցյալ դարավերջի հայ ազգային շարժման գաղափարախոսներին և առաջամարտիկներին:

Ահա՝ միևնույն ժողովրդի միասնական հայրենիքի մաս՝ Արցախն այդքան ժամանակ՝ գրեթե վեց և ավելի տասնամյակ, հոգևոր Հայաստան չէր: 25-30 տարեկան տղաների մի սերունդ՝ Գուրգեն Գաբրիելյան, Արմեն Հովհաննիսյան, Վազգեն Օվյան, Մաքսիմ Հովհաննիսյան՝ բանաստեղծ և արձակագիր, ազգագրագետ և ժուռնալիստ, թատերագիր ու գրական քննադատ, եկավ և Լեռնային Ղարաբաղի դիմապատկերից «քերել սկսեց» կաղապարայինը, գիծ առ գիծ բացել սկսեց ազգային ինքնությունը: Նրանց ընդհանրական նվիրումն արժանի է հմուտ բանասերի գնահատանքին, որ, կարծում եմ, կլինի: Պե°տք է լինի: Չի° կարող չլինել:

Ուսումնասիրողի իմ հնարավորություններն ու ժամանակը սուղ են: Կարողանում եմ «նշագրել» միայն: Եվ վերստին ընդգծում. Վազգեն Օվյանի համար գրականությունը եղել է ԿՅԱՆՔ: Իրականության մեջ նա ապրել է գրականությամբ: Նրա յուրաքանչյուր գործ, նույնիսկ՝ տողը իրականության հետ գրողի ծանր «մենամարտի» ծնունդ է, ինչ-որ ճշմարտություն հաստատելու ջանք: Նույնիսկ՝ երբ «շարքային» գրախոսություն է հեղինակել: Այդքան մոլեռանդ-հավատավոր երևի միայն առաջին քրիստոնյաներն էին, երբ հավատում էին, որ փրկչական խոսքն «աշխարհը կշրջի»:

Պարտավոր եմ արդարության դեմ չմեղանչել. մոլեռանդությունը գեղարվեստականության հակոտնյան է: Ընդհանրապես: Ընդհանուր հայացքի տակ՝ այո: Բայց չի եղել և չի լինելու «ընդհանրապես գրականություն»: Գրականությունը սուբյեկտիվ է, «ես»-ական: Գրողի ընկալումը՝ հատկապես: Վազգեն Օվյանը չէր կարող մոլեռանդ չլինել, քանի որ ճանապարհ էր բացում: Նրա թիկունքում Լեռնային Ղարաբաղը գրականություն չուներ: Ամայություն էր: Եվ նրա սերունդն էլ մոլեռանդ էր: Նրանք «վրիպեցին» բոլորով: Վազգեն Օվյանը՝ հատկապես: Բայց դա «վրիպումն» էր ԺԱՄԱՆԱԿԻ: Եվ նա էլ շտկեց ամեն ինչ և բոլորին:

Վազգեն Օվյանի պարագայում խզումն ու վերադարձը հատկապես ընդգծվում են: Կտրուկ շրջադարձ՝ երբ թվում էր անկումն արդեն անխուսափելի է, հասել է անդունդի ամենաեզրին: Դա գեղարվեստական և, առանձանպես, քաղաքացիական խիզախում էր՝ «Թևան-դհոլ»-ից անցնել Արցախի պատմական անցյալին և գրել «Ղարաբաղի արծիվը»՝ հայ միակ պատմավեպը, որ ստեղծվել է ԱՅՍՏԵՂ: Այն էլ՝ 1970-80-ական դաժան թվականներին: Ի՞նչ պատկերացում էր տալիս Ստեփանակերտի թատրոնն Արցախի «ինքնության» մասին, մինչև կգրվեր և կբեմադրվեր «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» դրաման: Թատրոնը պարբերաբար բեմադրում էր Վուրղունի «Վագիֆ» դրաման: Վազգեն Օվյանը կոտրեց ավանդույթը, բեմ բարձրացրեց Արցախի մեծ առակախոսին և նրա բերանով ծաղրեց մելիք Շահնազարին:

Ըստ էության, նա արցախահայությանը վերադարձրեց իր ակունքներին, իր ողբերգությանը: Ուրեմն և՝ իրականությանը: Նրա Պըլը-Պուղին ինքն է, մելիք Շահնազարը՝ Բորիս Կևորկովը: Հանդիսատեսը, համենայնդեպս, ընկալում էր այդպես: Այսօրվա ընթերցողը, ում բախտ է վիճակվել կարդալ դրամայի բուն, գրաքննությունից չբզկտված տարբերակը, այնտեղ տեսնում է նախաութսունութթվականի Լեռնային Ղարաբաղի սոցիալ-քաղաքական ժամանակը: Իսկ երբ թատերասրահը դղրդում էր հանդիսատեսի ծափերից և բացականչություններից, պատերից դուրս իրականությունը հերթական անգամ մեռնում էր, և դարձյալ վերահաստատվում էր ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ այս հողը հայկական է, այս մարդիկ ՀԱՅ են:

Նեղ շրջանակներում Վազգեն Օվյանի էպիգրամները հայտնի էին դառնում: Ինքը տուժում էր, հանրությունը՝ շահում: Քանի որ արթնանում էր նրա ՀԱՎԱՏԸ: Որ՝ եթե մեկն ասում է, ուրեմն ամեն ինչ դեռ կորսված չէ: Ահա Վազգեն Օվյանի ֆենոմենը. նա եղավ Արցախի ԱՌԱՋԻՆ ԱՐԹՆԱՑԱԾԸ: Եվ արթնացրեց Արցախը.

  Քարը խոսում է,
  Քարը ասում է.
  Հին հրաբխի խառնարանում դեռ
  Հուրը չի պաղել...
  Այս Ղարաբաղն է...

Արդեն անկախ պետականության քսանամյա ճանապարհ անցած Արցախում Վազգեն Օվյանը շարունակում է մնալ ամենաժամանակակից հեղինակներից մեկը: Եթե չասվի՝ ՄԻԱԿԸ, ում գործը հանրայնորեն պահանջված է մնում: Եվ հաճելի է արձանագրել, որ, ի հակակշիռ գրական չինովնիկության, անկախ Արցախի Հանրապետությունն ունի Վազգեն Օվյանի զանգահարությամբ արթնացած ազնվաբարո պետական պաշտոնեություն, որ հովանավորում է սույն երկհատորյակի տպագրությունը:

Բոլոր պարգևներից գրողի համար մեծագունն ընթերցող ունենալն է:
Երկրային կյանքին հրաժեշտ տալուց քառորդ դար անց Վազգեն Օվյանը ոչ միայն ընթերցող, այլև հովանավոր-ընթերցող ունի: Եվ ունենալու է:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

2.24.2014

Հայրս


Մի օր մտածեցի, որ արդեն կարգին մեծ եմ ու կարող եմ հորս խորհուրդ տալ։ Ասացի՝ «Պապ, ախր ինչո՞ւ ես քո թշնամիներին ցույց տալիս, որ իրենց չես սիրում, ատում ես։ Ինչո՞ւ ես ամեն ինչ երեսներին ասում, ձեռ առնում ու դարձնում նրանց քո թշնամին»...

Շատ տարիներ են անցել։ 1987-ի այս օրը՝ փետրվարի 23-ին ծանր հիվանդությունից վախճանվեց հայրս և մնաց միայն ապրողներիս հուշ-հիշողություններում ու իր ստեղծագործություններում։ Եվ ահա, տարիներ հետո, հաճախ եմ մտածում, որ ես ևս չեմ հետևում իմ այն խորհրդին, որ տվել էի հորս։ Իմ բոլոր հակառակորդ-թշնամիները գիտեն, թե ինչ եմ մտածում իրենց մասին։ Գիտեն, որովհետև դա չեմ թաքցնում, չեմ կարողանում թաքցնել, չի ստացվում։ Դե, երևի իրավացի է ժողովուրդը՝ «Խնձորը ծառից հեռու չի ընկնում»։ Հաճախ՝ բարեբախտաբար, երբեմն՝ դժբախտաբար...

Մանկությանս տարիներին ինձ թվում էր, թե երգիծանքը ծնվել է հորս հետ։ Անսպառ էր նրա հումորը։ Ու այն շռայլել է տարբեր ժանրի իր բազում ստեղծագործություններում։ Նրա էպիգրամների, պամֆլետների «տակ ընկածներն» առայսօր զրպարտություններ են մոգոնում և, «Օվյան» ազգանունը լսելիս, ոռնում ու հաչում են ինչպես շունը՝ լուսնի վրա։

Հայրս նույնիսկ իրեն չէր խնայում՝ իր տարբեր երկերում։ Ժամանակին ինչ-որ խմբագրությունից խնդրել էին հորս ինքնակենսագրությունը։ Նստել, հումորով գրել էր այն և ուղարկել։ Մի քանի օր հետո զանգեցին, թե՝ «Այս ի՞նչ եք արել, մեր ողջ կոլեկտիվը շարունակ կարդում է ձեր ինքնակենսագրությունն ու քրքջում»...

Ահա այն՝ գրված տասնամյակներ առաջ.
Վազգեն ՕՎՅԱՆ: Ինքնակենսագրություն
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

2.14.2014

Կեցցե կոսմետիկան


Չգիտեմ4 թե ինչու բոլոր սիրավեպերում տղամարդիկ միայն մի աղջկա փեշից են բռնում։ Իբր, եթե Ռոմեոն Ջուլիետին կորցնելուց հետո մի ուրիշ կնոջ սիրեր, հետն ամուսնանար, երեխաներ ունենար, խոնջանի քարը կընկնե՞ր։ Կամ էլ վերցնենք շամախեցի Սեյրանին. աղջկա հերը զույգ ոտքը մի ոտնամանի մեջ է խցկել, թե՝ այ տղա, գնա բանիդ, ես քեզ տալու աղջիկ չունեմ, իսկ այս դատարկագլուխը՝ միևնույն է, իմը Սուսանն է։ Եվ տեսաք, չէ՞, թե վերջում էլ ինչ արեց, ձյուն ու բուքին գնաց հասավ Դաղստան, թե՝ Ռուստամ, դու նամուս չունես, կնոջդ կրծքի խալը տեսել եմ։ Պա՛հ, քո տունը քանդվի, ջահել տղա ես, աշխարհը մենակ Սուսանով չի սկսում, Սուսանով վերջանում... Ձեռքդ ո՞վ է բռնում, հիմա գնա Սոնայի կրծքի խալն էլ տես, Սիրանուշի կրծքի խալն էլ տես... Հրե՜ն, Զարմանդուխտը քեզ նման մի սիրուն տղայի է ման գալիս, որ հետը պսակվի, կրծքի խալերը ցույց տա։

Թե չէ, էդ ջենովացի Ռոմեոն ձայնը գլուխն է գցել՝ չէ որ չէ, ես միայն Ջուլիետին եմ սիրում, աշխարհն էլ փուլ գա, նրան պիտի առնեմ։ Այ տնաշենի սինյոր, էդ հսկայական Իտալիայում էլ ուրիշ Ջուլիետ չկա՞, որ մի աղջկա համար հոգի ես տալիս։ Թե Իտալիայում աղջիկ չես գտնում, գնա Ֆրանսիա, գնա Անգլիա, Հունաստան գնա, Լեհաստան գնա...
Իսկ ինչ մնում է ինձ, ես ոչ Սեյրան եմ և ոչ էլ Ռոմեո... Կրեմլինան ինձ չհավանի, հիմա էլ կգնամ Կրեմպլինային կառնեմ, Կրեմպլինայի ծնողները չհամաձայնեն, կգնամ Կրեպդեշինային կառնեմ։ Համ էլ ինչո՞ւ հեռուներն ընկնեմ, մեր հարևանների աղջիկներն ումնի՞ց են պակաս։

Ես հենց այդ մտքով էլ, նոր բնակարան ստանալուն պես, աչքս գցեցի հարևանի դռանն ու չսխալվեցի։ Առաջին օրը դուռը բացեց մի թխահեր աղջիկ, ձախ այտին սև խալ, աչքերը՝ կրակ։ Նայեց ու ժպտաց։ Ուրեմն վերաբերմունք ցույց տվեց:

Երկրորդ օրը դուռը բացեց շիկահեր մի աղջիկ, սրա խալն էլ աջ այտին էր։ Էլի նայեց ու ժպտաց։ Սա էլ վերաբերմունք ցույց տվեց։ Երրորդ օրը նորից բերդապահ զինվորի պես կանգնեցի սրանց դռան մոտ, հիմա էլ դուռը բացեց մի կարմրահեր աղջիկ, ոչ միայն ժպտաց, այլև բարևեց ու ասաց. «Ուրախ եմ, որ դուք մեր հարևանն եք»։ Սրա խալն էլ ոչ աջ այտին էր, ոչ էլ ձախ, ճակատին էր։

Այնուհետև հերթը հասավ մանուշակագույն մազերով աղջկան։
Զարմանալի բան, էս աղջիկների քիթը, բերանը, շրթունքները, ժպիտները, նայվածքը, քայլվածքը մի կաթիլ ջրի պես իրար նման են, բայց մազերի գույներն ու խալերը՝ տարբեր։ Ուրեմն պիտի ընտրություն կատարել, և քանի որ առաջինը թխահերն էր դուռը բացել ու ինձ ժպտացել, նրան էլ հրավիրեցի կինո։

Կինոն հետաքրքիր չէր, դուրս եկանք փողոց, զբոսնեցինք մի քիչ, մի քիչ էլ դեսից-դենից խոսեցինք, միասին սիրահարված վերադարձանք՝ վաղվա հանդիպման պայծառ հեռանկարով: Բայց թխահերի փոխարեն շիկահերը եկավ։ Մտածեցի՝ երևի այդ թխահերը սիրած տղա ունի կամ էլ, ով գիտե, ինձ չի հավանել: Բայց խոսքը մեր մեջ, շիկահերն էլ ինձ դուր եկավ, սրան էլ տարա թատրոն:

Ներկայացումն էլ հետաքրքիր չէր, ընդմիջմանը դուրս եկանք զբոսնելու։ Մի քիչ նայեցինք աստղերին, մի քիչ կատակեցինք: Երրորդ օրը համերգի համար երկու տոմս գնեցի։ Շիկահերին էի սպասում, կարմրահերը եկավ։ Իր քույրերի համեմատությամբ սա ավելի համարձակ էր, թույլ տվեց, որ բռնեմ թևը, բայց քանի որ դա մեր առաջին հանդիպումն էր, ես զսպեցի համբուրելու իմ ցանկությունը, թև-թևի տված գնացինք համերգ և թև-թևի տված վերադարձանք՝ նա իրենց տուն, ես՝ մեր տուն։

Օրը կիրակի էր, նստած հեռուստացույց էի դիտում, երբ հնչեց մեր դռան զանգը։ Դուռը բացեցի, դեմս կանգնեց մանուշակագույն մազերով աղջիկը։
- Ձանձրանում եմ,- ասաց,- գնանք մի քիչ թափառենք,- և կատակով ավելացրեց.- «Ես քո սիրով, դու՝ ուրիշի»:

Պահո՜, մտածեցի, սա երևի գիտե, որ քույրերի հետ հանդիպել եմ, ուզում է ձեռ առնել։ Բայց, ճարս ինչ, ենթարկվեցի։ Պատկերացնո՞ւմ եք, մեր հանդիպման առաջին օրը այս մանուշակագույն մազերով աղջիկն այնպիսի վերաբերմունք ցույց տվեց, որ իսկույն սրտիս դռները բացեցի նրա առջև, ներս հրավիրեցի, վրան կողպեք դրեցի, որ իր քույրերի նման չփախչի, և ասացի. «Պրծա՜վ, վաղը գնում ենք զագս»:

Այս անգամ մեր դռան զանգը չհնչեց, ուղղակի ներս խուժեց... և գիտեք ո՞վ ներս խուժեց՝ թխահերը... Կարծում էի դեմքիս մի շառաչուն ապտակ կհասցնի ու կասի. «Ամո՛թ քեզ, Դոն Ժուանի մեկը...»: Բայց, չէ, նա նետվեց գիրկս, այտս համբուրեց ու ասաց.
- Մայրս արդեն գիտե, գնում ենք զագս...

Քիչ էր մնում բերանիցս խոսք թռցնեի՝ «Իսկ քույրերդ ի՞նչ կարծիքի են», բայց լեզուս կծեցի... Երկու կրակի մեջ էի ընկել, մի կողմից հպարտանում էի, որ չորս քույրերը սիրահարվել են ինձ, մյուս կողմից էլ մտածում եմ՝ լավ, ես դրանց պատասխանն ինչպե՞ս պիտի տամ։ Հո պարսից շահ չեմ կամ թուրքական սուլթան, որ մի տան մեջ չորս կին պահեմ։

Զագսից վերադարձանք որպես օրինական ամուսիններ, իրար «ջան» ասացինք, «ջան» լսեցինք... Առավոտյան աչքս դեռ նոր էի բացել, ի՞նչ տեսնեմ, որ լավ լինի... հայելու առջև կանգնած էր շիկահերը։
- Այ աղջիկ,- ասացի,- ես երեկ քեզ հետ եմ պսակվե՞լ, թե՞ քո քրոջ:
- Ի՜նչ քույր,- շիկահերը զարմացած նայեց ինձ։- Ես քույր չունեմ...
- Բա էն թխահերն ո՞վ է... Թխահերն, էլի, կարմրահերի ու մանուշակագույն մազերով աղջիկների քույրը։

Ի՜նչ ծիծաղ էր, որ նա ծիծաղեց...
- Խելառի մեկը, որքա՛ն ժամանակ է, միասին թատրոն, կինո, համերգ ենք գնում, բայց մինչև հիմա գլխի չես ընկե՞լ...

Տեսնում եք, չէ՞, թե ինչ հրաշք դարում ենք ապրում, և կոսմետիկան կամ, ինչպես ասում են, քիմիական ներկումը, ինչպիսի հրաշքներ է գործում։ Ճիշտ է, բերանբացները մեր բակում տարածեցին, թե իբր չորս կին եմ պահում, մեր դիրեկտորին անստորագիր նամակներ գրեցին, մեր տեղկոմի նախագահը եկավ ստուգելու... Բայց եթե ինձ հարցնեք, այսպես ավելի լավ է... Երբ թխահերից ձանձրանում եմ, շիկահերին եմ սիրում, շիկահերից ձանձրանում եմ՝ կարմրահերին եմ սիրում, կարմրահերից կշտանում եմ, ասում եմ՝ գնա էն մյուսին ուղարկիր...

Բա ո՜նց, սերը բազմաձև ու բազմագույն պիտի լինի։ Սերը հո արձան չի, որ մի դեմք, մի գույն, մի պահվածք ունենա և միշտ կանգնած մնա մի պատվանդանի վրա։ Կամ էլ քերականության կանոն չի, որ հավիտյան մնա անփոփոխ և ոչ էլ հիմնարկության պետ, որ մինչև կյանքի վերջը կառչի իր աթոռին։ Ուրեմն՝ կեցցե կոսմետիկան։

2.13.2014

Հեղինակություն


Մի քանի տարի առաջ իմ համագյուղացի Բալասանը աղջկան բերեց մոտս, թե որքան չլինի, քաղաքում քեզ ճանաչում են, հեղինակություն ունես, թող էս աղջիկը ինստիտուտ ընդունվի։ Օգնությունս եղավ այն, որ աղջկան տարա ինստիտուտ, թղթերը հանձնեցինք: Այս աղջիկն էլ իմ բախտից աչքաբաց դուրս եկավ, առանց իմ միջամտության քննություններ հանձնեց և ընդունվեց։ Բալասանը մինչև երկինք ու գետին ինձնից շնորհակալ եղավ, մաղարիչի անունը տվեց, բարկացա. «Ի՞նչ մաղարիչ,- ասացի,- հո երկնքից աստղեր չե՞մ իջեցրել»։
Այդ էր ու այդ, անունս թնդաց մեր գյուղում։

Մակունց Ապետնակը գյուղից անունովս եկավ, թե երեք օր է տերը մեռած մի ցավ փորս է մտել, դուրս չի գալիս, հույսս դու ես։ Սրան էլ տարա հիվանդանոց, վիրաբույժն առանց իմ խնդրանքի հեռացրեց հիվանդի կույր աղիքը, և Մակունց Ապետնակն ինձ բարձրացրեց, դրեց աստծո կողքին:
Ազգակիցս, որ այդպես էլ չիմացա, թե ազգակցական այդ կապը պապիս կողմից էր գալի՞ս, թե՞ տատիս, եկավ, թե՝ անունիդ մատաղ, վիզս ծուռ է, դզացրու: Ուզում էի սրան էլ տանել հիվանդանոց։ «Չէ, - ասաց,- էս ծռությունն ուրիշ ծռություն է. ուզում եմ տունս հեռախոս գցել, մի դիմում պիտի գրես»։

Դիմում գրեցի, մի քանի ամսից հետո մարդն իրենց տնից զանգեց ու ասաց. «Ես քո գրչի զորությանը մատաղ, էս հեռախոսն ի՜նչ լավ բան է եղել, տանդ նստիր և, որքան ուզում ես, ծանոթներիդ ու բարեկամներիդ հետ զրուցիր։ Լավությունդ չեմ մոռանա»:
- Ցավդ տանեմ,- սա էլ հորաքույրս էր,- մեր էս հարսը չորս աղջիկ է բերել, վայ թե հինգերորդն էլ դրանից լինի։
Կատակ էր, արեցի.
- Հորաքույր,- ասացի,- բան չկա, կզանգեմ ծննդատուն, կխնդրեմ գլխավոր բժշկին, որ ձեռնարկեն բոլոր միջոցները։

Հորաքրոջս հարսը տղա բերեց, հորաքույրս մի տոննա օրհնանքի հետ մի խնդրանք էլ ուղարկեց. «Անունիդ ղուրբան, էս մի հարսս էլ է երեխով, արդեն երեք տղա ունի։ Չես կարո՞ղ գլխավորի հետ խոսել, որ էս մեկն էլ աղջիկ լինի»։ Հորաքրոջս երկրորդ հարսը երեք տղայի վրա մի աղջիկ էլ բերեց...

Ահա այստեղ էր, որ հեղինակությանս հետ բարձրացավ փառքս, և մարդիկ ինչ հարցերով ասես, որ չէին դիմում ինձ։ Մեկն ուզում էր որդու համար «Ժիգուլի» գնել, մեկը՝ ամուսնալույծ աղջկան վերապսակել, մյուսը՝ սանատորիայի ուղեգիր ձեռք բերել, մի ուրիշը՝ թոշակի անցնել... Հայրս, որ շատ բարձր է գնահատում իմ հեղինակությունը, ասում է. «Ա՛յ տղա, չե՞ս կարող այնպես անել, որ Ամերիկայի պրեզիդենտ Քարտերը քիթը չխոթի ուրիշ պետությունների գործերի մեջ»։ Իսկ մի անգամ էլ ուղղակի պահանջեց. «Մի նամակ գրիր էդ Չինաստանի հեգեմոնիստներին, թող իրենց կարգին պահեն... Որքան չլինի, քո խոսքը կլսեն»:

Անցած ամսին էր, հարևանիս տղան եկավ, թե՝ երկու աղջկա սիրահարվել եմ, ի՞նչ խորհուրդ ես տալիս, դրանցից որի՞ն առնեմ: Ասացի՝ հո չես կարող մի տան մեջ երկու կին պահել, մեկին առ: Նա լսեց խորհուրդս, գնաց մեկի հետ պսակվեց, երեխա ունեցավ և երեխային իմ անունով կոչեց։
Մի սկսնակ բանաստեղծ իր ոտանավորների տետրը հանձնեց ինձ, թե՝ ուզում եմ անպայման ձեր հեղինակավոր կարծիքն իմանալ։

Մի անգամ կարդացի՝ բան չհասկացա։ Երկրորդ անգամ կարդացի՝ էլի բան չհասկացա: Զգալով, որ հարյուր անգամ էլ կարդամ, էլի բան չեմ հասկանալու, ասացի՝ ուղարկիր «Գարուն» ամսագրին։
«Գարունն» իր հերթական համարներից մեկում տպագրեց «խոստումնալից բանաստեղծի» քերթվածքները, «խոստումնալից բանաստեղծը» ինձ հռչակեց հանճարեղ և խոսք տվեց իր ապագա բանաստեղծությունների ժողովածուն ձոնել ինձ։

Տեր աստված, երանի այդ ժողովածուն լույս չտեսնի։ Եթե հանկարծ լույս տեսավ, այսքան տարվա փառքս կորած է։
Ախր, դրանից հետո ո՞վ կհավատա հեղինակությանս։