10.21.2015

Անծանոթ աղջիկը



Այդ տարիքի աղջիկները միշտ լուրջ են լինում։ Բայց նրա լրջության մեջ ինչ-որ ուրիշ բան կա։
Նա սկզբում ավտուբուսի բաց պատուհանից նայում էր ցորենի կանաչ արտերին, ճամփեզրի դալար բարդիներին և բլուրների վրա ցցված գաճաճ թփուտներին։ Գիշերը անձրև էր եկել, արտերի կանաչ թավիշը շողշողում է ծիածանի բոլոր գույներով։ Հեռագրալարերը նույնպես ոսկեգույն են, հեռագրասյուներին թառած թռչունները նման են մի կաղապարից դուրս եկած արձանիկների։

Նա նստած է իմ կողքին, պատուհանի մոտ։ Մեր ետևում տեղ են գրավել երկու երիտասարդ, մեկը՝ կապույտ պիջակով, մյուսը հագին ունի բաց-նարնջագույն բլուզ։ Կապույտ պիջակով տղան անեկդոտներ է պատմում, և որքան ես հասկացա, իր անեկդոտներով ուզում է գրավել կողքիս նստած աղջկա ուշադրությունը։

Նրանց ետևում նստած է քառասունհինգ-քառասունութ տարեկան կարմրաթուշ մի կին։ Տեղը երևի այնքան էլ հարմար չէր, տեղափոխվեց իմ դիմացի նստատեղին, պայուսակից հանեց թարմ բուլկիներ... և, աստվա՜ծ իմ, նա այնպես էր խժռում, կարծես առնվազն մի շաբաթ քաղցած է եղել։ Երբ կապույտ բլուզով տղան հերթական անեկդոտն էր պատմում ինչ-որ անհաջողակ սիրահարների մասին, կարմրաթուշ տիկինը, որ արդեն վեցերորդ բուլկին էր ոչնչացրել, այնպես ծիծաղեց, առաջին տեղերում նստածները գլուխները զարմացած շրջեցին։ Կապույտ պիջակով տղան արհամարհանքով նայեց նրան, և նրա հայացքը կարծես ասում էր. «Ում համար եմ պատմում, տեսեք ով է ծիծաղում»: Տղան ընկած տրամադրությամբ շուռ եկավ, գլուխը հանեց պատուհանից և երկար մազերը տվեց քամուն։

Մենք բավականին ճանապարհ ենք անցել։ Ավտոբուսի անիվների տակ ասֆալտը ճլճլում է, ինչպես յուղը՝ թավայի մեջ։ Պատուհանից երևում են լեռների ձյունածածկ գագաթները, ներքևում՝ մթամած անտառը։ Ես ուզում եմ ծխել և խնդրում եմ հարևանուհուս՝ տեղներս մի քանի րոպեով փոխել: Վառում եմ սիգարեթը, ծուխը բաց թողնում պատուհանից։ Այստեղ իսկապես զով է, աղջկան առաջարկում եմ գրավել իր տեղը, նա թեթևակի շիկնում է.
- Դե, ոչինչ, ինձ համար այստեղ էլ վատ չէ, եթե ուզում եք...

Ի՞նչ կարող ես անել, եթե նա հարգում է իմ ճերմակ մազերը, նշանակում է՝ կարիք չկա երկրորդ անգամ խնդրել։ Հերթական կայարանում մեր ավտոբուսը կանգնում է: Ավտովարորդը ճաշարան է շտապում, նրան հետևում են ուղևորները։ Իսկ կարմրաթուշ կինը տեղից շարժվելու միտք չունի, պատուհանից հանում է գլուխը, մի եփած հավ գնում, ձեռքում ծանրութեթև անում և ասում.

- Սրա գինը շատ լինի, շատ լինի՝ երեք ռուբլի, իսկ այդ սպեկուլյանտն ինձնից հինգ ռուբլի պոկեց։ Որտե՞ղ է մեր միլիցիան, որտե՞ղ է դրուժիննիկը։ Օրը ցերեկով թալանում են մարդկանց։ Անխիղճնե՜ր:

Երկար ճանապարհը հոգնեցրել է, ուզում եմ դուրս գալ ավտոբուսից, աղջիկը մեկնում է ինձ մի թղթադրամ։
- Խնդրում եմ, եթե կարելի է, ինձ համար մի շիշ ջուր բերեք։

Կարմրաթուշ կինը շուռ է գալիս, ակնհայտ չարությամբ նետում.
- Տեսեք, է՜, մայրիկի սիրունիկ բալիկը չի ուզում իջնել ավտոբուսից, և առանց ամաչելու ուրիշներին է շահագործում: Ա՛յ աղջիկ, ի՞նչ է, դու ոտքե՞ր չունես։

Աղջկա դեմքը կարծես ցավից կծկվում է, շուրթերը դողում են։ Նրա աչքերում աղերսանքի պես մի բան կա։ Ո՛չ, նա չի ուզում պատասխանել, և ես նրա փոխարեն պատասխանում եմ.
- Ներեցեք, տիկին, ուրիշների գործերին խառնվելն այնքան էլ լավ բան չէ։ Խորհուրդ չեմ տալիս։

Բուֆետից գնում եմ երեք շիշ հանքային ջուր, մտնում ավտոբուս։ Կարմրաթուշ տիկինն արդեն խժռել է հավը, հիմա էլ թարմ վարունգ է խրթխրթացնում։ Աղջկա և ինձ համար երկու շիշ եմ բացում, ճամպրուկից հանում խաշած միս, հաց ու պանիր։ Աղջիկը նույնպես բացում է իր ճամպրուկը, հանում տապակած ձուկ և երկու բաժակ։

- Հիմա կարգին քեֆ կանենք,- ասում եմ:
Տիկինը ցուցադրաբար շուռ է տալիս դեմքը։

Մենք նստել ենք մի ավտոբուսում, ճաշում ենք միասին և անծանոթներ ենք։ Ես չգիտեմ, թե ով է այդ աղջիկը, ուսանողուհի՞ է, թե՞ ինչ-որ հիմնարկում մեքենագրուհի կամ քարտուղարուհի։ Պարզապես լուրջ աղջիկ է, կարող ես հետը զրուցել լուրջ հարցերի շուրջ, կատակել ու ծիծաղել չափավորության սահմաններում։ Բայց մենք հիմա ծանոթներ ենք ավտոբուսում և այն էլ պատահական ծանոթներ։ Երեկոյան տեղ կհասնենք, նա իր ճանապարհով կգնա, ես՝ իմ: Գուցե վաղը կամ մյուս օրը փողոցում պատահաբար հանդիպենք և իրար բոլորովին չճանաչենք։

Ուղևորները ներս են մտնում: Կապույտ պիջակով տղան երկու մեծ փունջ մորի էր գնել, մի փունջը մեկնում է աղջկան.
- Վերցրեք, խնդրեմ, այս կողմերի մորին քաղցր է։
- Իսկ փունջը որքա՞ն արժե։
- Ինձ համար՝ ձրի։
- Այդ դեպքում թողեք ձեզ մնա։

Բաց-նարնջագույն բլուզով տղան ժպտում է.
- Մեկ-զրո:
Կարմրաթուշ տիկինը նորից չարացած նայում է աղջկան։
- Ա՛յ աղջիկ, դու էլ ի՞նչ ես ձևեր թափում, տալիս է՝ վերցրու։
Տղան ուզում է հաշիվը հավասարեցնել և դիմում է իմ օգնությանը.
- Քեռի, ասացեք՝ թող վերցնի։ Ես անկեղծ սրտով... Խնդրում եմ, ուրիշ բան չմտածեք։

Այ թե լավ բռնեցրեց՝ քեռի՜։ Իսկ գուցե՝ հայրիկ կամ պապիկ։ Եթե այս գեղեցիկ աղջիկը չլիներ, նա երբեք ինձ քեռի չէր անվանի։ Բայց ի՞նչ կարող ես անել, քառասուն տարեկանները միշտ էլ քսան տարեկանների համար քեռի են։
- Խնդրում եմ, քեռի,- տղան իսկապես խնդրում է, և ես քեռու իրավունքով հարցնում եմ.
- Քանիսո՞վ եք գնել։
- Դատարկ բան է, քեռի, կոպեկներ:
- Կայարաններում, բալիկ ջան, կոպեկներով մորու այսպիսի փնջեր չեն, վաճառում։

Նա իմ «բալիկ ջանն» ընդունում է այնպես, ինչպես երես առած երեխան կընդունի քեռու ապտակը։ Ես նրա բուռն եմ խոթում մեկ ռուբլանոցը, մորու փունջը տալիս աղջկան։ Բաց-նարնջագույն բլուզով տղան, որ հավանաբար սպորտսմեն է, հաշվում է.
- Երկու-զրո, այն էլ՝ տասնմեկ մետրանոցով։

Ավտոբուսը ծանր փնչոցներով հաղթահարում է վերջին վերելքը։ Կապույտ պիջակով տղան գրպանից հանում է խաղաթղթերը, խառնում և ընկերոջը հրավիրում խաղի։ Վեց բուլկի և մի հավ խժռող տիկինը նրան ցույց է տալիս իր կողքի ազատ տեղը։
- Եկեք միասին խաղանք։

Տղան երեք անգամ տանուլ է տալիս, նրա մրցակցուհին քրքջում է։
- Դե լավ, դե լավ, երեք անգամ դուռակ դարձար, դա էլ է հերիք։
Սպորտսմենը գլուխն առանց ամսագրից կտրելու, խաղավարի սառնասրտությամբ հաշվում է.
- Հաշիվը դարձավ 3։0։

Ավտոբուսը թեթև սահում է ուղիղ ու հարթ, ասես տողաշարով գծած ճանապարհով։ Երկինքը բաց կապույտ է, օդը հագեցած ճամփեզրի փշատենիների բուրմունքով։ Կարմրաթուշ տիկինը հենվել թիկնակին, քնել է կուշտ կերած երեխայի քնով, սպորտսմենը ամսագիր է կարդում, կապույտ պիջակով տղան լուռ նայում է պատուհանից։ Առաջին շարքում նստած շիկահեր մարդը, որ հավանաբար մեղվաբույծ է, իր տարիքն առած հարևանուհուն պատմում է, թե ինչպես կարելի է մի տարում միևնույն մեղվափեթակից երեք անգամ մեղր ստանալ։ Չնայած տարեց կինը նույնիսկ դեմքի շարժումով չի հակաճառում նրան, բայց մեղվաբույծը շարունակ կրկնում է. «Է՜, տեսնո՞ւմ եք, չեք հավատում»։

Աղջիկը մորու փունջը ինձ հետ կիսում է, և մենք հիմա զրուցում ենք որպես մոտիկ ծանոթներ։ Ես նրան պատմում եմ իմ փոքրիկ տղայի մասին, որ սիրում է քանդել իր խաղալիքներն ու նորից հավաքել։ Իսկ մի անգամ, երբ քանդելու բան չէր մնացել, աչքը գցել է հեռուստացույցին ու հարցրել. «Հայրիկ, իսկ հեռուստացույցը ե՞րբ պիտի փչանա, որ մի լավ քանդենք»։

*   *   *
Կայարանում կայարանի աղմուկն է։ Կարմրաթուշ տիկինն իր երկու խոշոր սնդուկներ հիշեցնող ճամպրուկները դրեց մայթեզրին, սպորտսմենը և կապույտ պիջակով տղան կանգնեցին բարդու շվաքում, իսկ աղջիկն ուշանում է։ Ես մոտեցա, նա կանգնած էր դռան մոտ. նայեց ինձ ու շշնչաց մի տեսակ մեղավոր.
- Իսկ գուցե օգնեք, ուզում եմ իջնել:

Կարմրաթուշ տիկինը ծամածռեց դեմքն ու՝
- Տեսեք, է՜, խնդրում է օգնել... Ա՛յ աղջիկ, ի՞նչ է, դու ոտքեր չունե՞ս։

Դա ոչ ոք չէր սպասում։ Աղջիկը նայեց նրան և ճչաց.
- Տիկին, չունեմ, պրոթեզ է, ի՞նչ եք ուզում ինձնից։

Նա երեխայի պես ծածկեց դեմքն ու սկսեց հեկեկալ։ Սպորտսմենն ու կապույտ պիջակով տղան կարծես տեղում քարացան, մեղվաբույծը մոտեցավ կարմրաթուշ տիկնոջը և գլուխն օրորեց.
- Տիկին, ինչպե՜ս չեք ամաչում։

5.11.2015

Որդու նամակը հորը։ Հոր Պատասխան նամակը


ՈՐԴՈՒ ՆԱՄԱԿԸ ՀՈՐԸ

Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ, ընդունիր որդիական քաղցր բարևներս։
Թույլ տուր նամակիս նախնական տողերում իմ որդիական անկեղծ երախտագիտությունը հայտնել քեզ և մայրիկին, ինչպես նաև ձեր բարին ցանկացող բոլոր հարևաններին։ Եվ նմանապես ուզում եմ իմ որդիական սուրբ պարտքը կատարել իմ ծնողների հանդեպ, որոնք սրտատրոփ սպասում են նամակիս և ուզում են իմանալ որպիսությունս:

Ես ողջ և առողջ եմ, գործով հաջողակ և, չնայած վերջերս ազատվել եմ աշխատանքից, արդեն չորսուկես ամիս է, գրպանումս ոչ մի կոպեկ չկա, բայց հոգով ու սրտով առույգ եմ։ Կարևորը, իհարկե, փողը չէ, այլ այն, որ չեմ ընկճվում ոչ բարոյապես և ոչ էլ հոգեպես։ Մի քանի ամիս առաջ կինս՝ Ժորժետինան, ինձնից բաժանվեց, սակայն ես տղամարդու պես դիմացա հարվածին և այդ էլ այն դեպքում, երբ գրպանումս նույնիսկ ավտոբուսի փող չունեմ ու կոպեկին «քեռի» եմ ասում:

Բայց դե մարդ փողով չի մարդ, ի՞նչ անենք, թե հարևաններիս վեց հարյուր ռուբլի պարտք եմ և չեմ կարողանում վերադարձնել։ Ձեզ եմ հարցնում, ինչպե՞ս վերադարձնեմ, երբ ոչ մի տեղ չեմ աշխատում և չգիտեմ սրա վերջը ինչ կդառնա։
Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ, գրիր տեսնեմ խոզը մորթել ծախել եք, կարտոֆիլն ու սոխը շուկայում ի՞նչ գին ունեն, կովը ծնե՞լ է և, ընդհանրապես, ինչպե՞ս է այս տարվա բերքը։

Անցած օրը խանութում մի լավ մուշտակ տեսա, ուզում էի գնել քեզ համար, բայց գրպանումս կոպեկ չկար։ Մայրիկի համար նույնպես բրդե հրաշալի շալ եմ գտել, եթե փող ունենայի, կգնեի անպայման:
Ստացա իմ թանկագին քույրիկ Սիրուշի նամակը և շատ ուրախացա, որ արդեն նշանվել է։ Այնպե՜ս եմ ուզում եղբայրական պարտքս կատարել, գոնե մի ոսկե ժամացույց գնել սիրելի քրոջս համար... Եթե գրպանումս ճանապարհածախսի փող լիներ, անպայման կներկայանայի հարսանքին։ Ուրեմն՝ թող քույրիկս իմանա, որ իր հարազատ եղբայրն իր գրպանում նույնիսկ ծխախոտի փող չունի, այդ իսկ պատճառով ծխելը թողել է։

Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ։
Քաղաքում եղանակները ցրտել են, անընդհատ անձրևներ են գալիս, իսկ ես մի կարգին վերարկու չունեմ, որ հագնեմ։ Ճաշարանների ու ռեստորանների դռները փակ են իմ դիմաց, հանրակացարանի պարետն անընդհատ հիշեցնում է, որ չորս ամսվա վարձը չեմ մուծել, և ես ամոթից քիչ է մնում գետինը մտնեմ:
Եվ չնայած գրպանումս կոպեկ չկա, բայց ես ողջ և առողջ եմ, գործով հաջողակ, հոգով ու սրտով՝ ուրախ։

Որդիական բարևներով՝ մնամ ձեր որդի
Պատրիկ Պետրոսովիչ։

Հ.Գ.- Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ, գրի տեսնեմ խոզի մսի և կարտոֆիլի վաճառքից որքա՞ն փող է եկել: Եթե քիչ է, մի երեք հարյուր ռուբլի էլ մեր թանկագին հարևաններից վերցրու՝ ուղարկիր։ Ամոթ բան է, որ ամանորի գիշերը հարազատներիս չտեսնեմ։ Եթե սիրելի քույրիկս դեմ չէ հարսանիքը մի երկու ամսով հետաձգելու, թող մի երկու հարյուր ռուբլի էլ ինքն ուղարկի, որպեսզի ձեզ տեսնելիս վրաս վերարկուից-բանից ունենամ։




ՀՈՐ ՆԱՄԱԿԸ ՈՐԴՈՒՆ

Թանկագին որդի Պատրիկ Պետրոսովիչ Պողոսով, ընդունիր հայրական անուշ բարևներս։
Թույլ տուր նամակիս նախնական տողերում իմ հայրական անկեղծ երախտագիտությունը հայտնել քեզ, ինչպես նաև քո բարին ցանկացող պարտքատեր հարևաններին։ Ես էլ նմանապես ուզում եմ հայրական սուրբ պարտքս կատարել իմ թանկագին որդու հանդեպ, որը սրտատրոփ սպասում է նամակիս և ուզում է իմանալ որպիսությունս։

Ես ողջ և առողջ եմ, գործով հաջողակ, չնայած վերջերս չեմ ազատվել աշխատանքից և գրպանումս փող կա։ Կարևորն, իհարկե, փողը չէ, այլ այն, որ կարողանում ես առանց փողի էլ չընկճվել ոչ հոգեպես, ոչ էլ բարոյապես։ Ցավում եմ, որ կինդ բաժանվել է քեզանից, բայց ուրախ եմ նաև, որ դիմացել ես այդ հարվածին, և այդ էլ այն դեպքում, երբ կոպեկին «քեռի» ես ասում: Լավ կլինի՝ ռուբլուն էլ «քեռակին» ասես:

Բայց դե մարդ փողով չէ մարդ։ Ինչ անենք, թե հարևաններիդ պարտք ես վեց հարյուր ռուբլի։ Քեզ եմ հարցնում՝ ինչպե՞ս վերադարձնես, երբ ոչ մի տեղ չես աշխատում ու չգիտես վերջն ինչ կդառնա։
Թանկագին որդի Պատրիկ Պետրոսովիչ, խոզը մորթել՝ ծախել ենք, կարտոֆիլը շուկայում լավ գին ունի, կովը ծնել է և, ընդհանրապես, հիանալի է այս տարվա բերքը։ Նաև ուրախ եմ, որ ցանկացել ես ինձ համար մուշտակ գնել, մայրիկի համար՝ բրդե շալ, բայց ափսոսում եմ, որ գրպանումդ կոպեկ չի եղել։ Վնաս չկա, սիրելի որդի, հենց որ գրպանումդ փող լինի, այդ մուշտակն ու շալը անպայման կգնես ու կուղարկես։

Քույրիկդ, ինչպես արդեն գիտես, նշանվել է, և երկու ամսից հետո տեղի կունենա հարսանիքը։ Բայց, քանի որ գրպանումդ նույնիսկ ճանապարհի փող չկա, ի՞նչ կարիք կա անպայման ներկայանաս հարսանքին:
Մեզ մոտ էլ եղանակները նույնպես ցրտել են, անընդհատ անձրևներ են գալիս։ Ափսոսում եմ, որ հագնելու կարգին վերարկու չունես, իսկ հանրակացարանի վարձը չմուծելու համար քիչ է մնում գետինը մտնես։

Թանկագին որդի, մենք էլ ողջ և առողջ ենք, գործով հաջողակ, հոգով ու սրտով ուրախ։
Հայրական բարևներով՝ մնամ քեզնով բախտավոր
 քո հայր Պետրոս Պողոսովիչ։

Հ. Գ.- Թանկագին որդի Պատրիկ Պետրոսովիչ, խոզի մսի և կարտոֆիլի վաճառքից հազար ռուբլի փող է եկել։
Մեծ ուրախությամբ քույրիկիդ հարսանիքը կհետաձգեի, ու երկու ամսվա իր աշխատավարձը կուղարկեի, բայց, կարծում եմ, չարժե իզուր նեղություն քաշել և ամանորի գիշերը իզուր ծախսերի տակ ընկնել։ Եվ հետո այնքան էլ պարտադիր չէ, որ վերարկուից-բանից ունենաս։ Քո նախապապ և նախատատ Ադամն ու Եվան թզենու տերևներից բացի ոչինչ չունեին, բայց դրախտային կյանք էին վայելում...
Հայրական բարևներով՝ Պետրոս Պողոսովիչ:

11.24.2014

Էպիգրամներ

   
       
* * *
Պիես գրելը մոդա է հիմա,
Ով ասես՝ պիես չի գրում այսօր,
Թքած տաղանդի ու ձիրքի վրա,
Միայն ունենաս ծանոթ ռեժիսոր:


            * * *
Անվերջ, անդադար հոխորտում է նա,
Որ դեռ ջահել է ու չի ծերացել,
Մինչդեռ վաղուց են գրքերը նրա՝
Իրենից առաջ թոշակի անցել:


            * * *
Նա այնքան պարզ է, այնքան անբասիր,
Համեստների մեջ միշտ համեստագույն,
Երբ խոսք է բացվում իր անձի մասին,
Գլխարկն հարգանքով հանում է իսկույն:


            * * *
Ինչ պաշտոն ասեք, որ նա չի վարել,
Բայց կհարցնեք, թե ինչ է արել.
Ներհիմնարկային ահեղ պայքարում
Իր բազկաթոռն է մի կերպ պաշտպանել:


            * * *
Ես չգիտեմ, որքանո՞վ է հնարավոր՝
Բանաստեղծը հարստանա հոնորարով:
Թե այդպիսի պոետներ կան երկնքի տակ,
Նրանց երգին ոչ մի անգամ չհավատաք:


            * * *
Իմ հին բարեկամ, Ճանաչում եմ քեզ,
Ես քո բնույթը գիտեմ շատ վաղուց,
Առյուծի կողքին շողոմ աղվես ես,
Աղվեսի դիմաց՝ կատաղած առյուծ:


                                    Բ. Կ.-ին
Պուշկինն ապրեր, կգրեր՝
Բախտախնդիր, ինտրիգան,
Դու քո ամբողջ էությամբ
Քաղաքական խուլիգան:


            * * *
Ութ պետ է փոխել, տասը տեղակալ,
Ինքը՝ անփոփոխ, ինքը՝ բնակալ:


            * * *
Նարինջը տեսնի, կասի՝ կիտրոն է,
Ուր մատը դնի՝ այն էլ կենտրոն է:


            * * *
Ծախու գրչակն այս, որ մի ժամանակ
Չարենցի դեմ էր ժանիքներ սրում,
Հիմա առել է թուղթ, գրիչ, թանաք,
Չարենցի մասին հուշեր է գրում:


            * * *
- Ի՜նչ Թումանյան կամ ի՜նչ Չարենց,-
Գոռաց տգետն ամբարտավան,-
Նորարարը ես եմ հիմա,
Չեմ ճանաչում քեզ ու նրան:-
Բայց ինչո՞ւ մենք գլուխ դնենք
Դղրդացող թմբուկի հետ,
Տգետները մեծամիտ են,
Մեծամիտներն անբարտավան:


            * * *
Խրատ էի կարդում ցինին,
Բայց չլսեց, թռավ, գնաց,
Գայլը լսեց հորդորանքս,
Սակայն գառս առավ, գնաց.
Գող ագռավը հիսուն տարի
Աշակերտեց Սոկրատեսին,
Բայց այդպես էլ ամբողջ կյանքում
Նա լեշակեր ագռավ մնաց:


            * * *
Լպրծունն այս ներս մտնելու
Եվ դուրս գալու ձիրք ունի,
Վերևներում ամուր թիկունք
Եվ անսասան դիրք ունի.
Թեկուզ հայտնի գրագող է
Ու խայտառակ էպիգոն,
Բայց գիտե՞ք, թե փառաբանված
Քանի խոտան գիրք ունի:


            * * *
Առակ գրեցի. «Էշը թռչում է»,
Էշը բողոքեց՝ բա ես թռչո՞ւն եմ,
Ի՞նչ իրավունքով այդպես անտեղի
Վիրավորում ես մեր ազնիվ ցեղին:


            * * *
Տրեստի հաշվին նոր տուն կառուցեց,
Կերավ, լենք տվեց տրեստի հաշվին,
Եվ դատարանը երբ գործ հարուցեց,
Վնասը ծածկեց տրեստի հաշվին:


            * * *
                                                     Հ. Ալիևին
Քեզ ճանաչում ենք քո ժպիտից կեղծ,
Դու Թալեաթից նենգ, Թալեաթից տխեղձ...
Եվ գիտենք նաև, ով քծնու աղվես,
Որ սողալով ես բարձրացել այդպես
Եվ սողալով էլ մի օր կսատկես:


            * * *
Իմ հին բարեկամ, Ճանաչում եմ քեզ,
Ես քո բնույթը գիտեմ շատ վաղուց,
Առյուծի կողքին շողոմ աղվես ես,
Աղվեսի դիմաց՝ կատաղած առյուծ:


            * * *
Երեք նախագահ փոխվեց վեց ամսում,
Չորրորդը եկավ՝ եղածը քանդեց.
Թերթում գրեցին, որ կոլխոզը սույն-
Անշեղ վերելքի ճամփին է արդեն:


            * * *
Այս հանգաբանը ճակատի զոռով
Մրցանակներ է անընդհատ շահում,
Ի՞նչ փույթ գործերը թույլ են ու ճապաղ,
Մարդը իր գրչով մի տուն է պահում:


            * * *
Խոսում է Կանտից, անում մեջբերում,
Բայց թանը կաթից նա չի տարբերում:


            * * *
                                                              Լ-ին
Թունոտ ես այնքան ու մաղձոտ՝ հոգիդ,
Որ ճանճը անգամ չի նստում դեմքիդ:


            * * *
Ահա ձեզ հայտնի «Ծիրանի ծառի»
Նորահայտ մշակն ու հեղինակը,
Թեկուզ ոչ երգի խոսքն է իրենը,
Ոչ եղանակը:


            * * *
Կարդացել է նա մի քիչ «Սասնա ծուռ»
Եվ «Վարդանանքից» երկու տող սերտել.
Հիմա ամեն տեղ նա կուրծքն է ծեծում.
- Պատմությունն հայոց ես անգիր գիտեմ:


            * * *
Մի քիչ Շոպեն է լսել, մի քիչ Բախ,
Որդու անունը դրել Շոպենբախ:


            * * *
Պաշտոն է ուզում, թեկուզև՝ ստոր,
Թեկուզև ռոճիկ չստանա կարգին,
Միայն թե ունենա փափուկ բազկաթոռ,
Կողքին՝ հեռախոս, «Վոլգան»՝ միշտ տակին:


            * * *
Վերջացրել է զույգ համալսարան,
Բայց մնացել է նույն էշի բալան:


            * * *
Նա այստեղ-այնտեղ այնքան բողոքեց.
«Կաշառակեր է Չոփուռ Արսենը»,
Որ այդ Չոփուռից մի քիչ փող պոկեց
Ու կտրեց ձենը:


            * * *
Նա հոր ջանքերով բուհում ընդունվեց,
Փեսի օգնությամբ դիպլոմ ստացավ,
Դիսերտացիան էլ խնամին գրեց,
Քեռու թիկունքով գիտնական դարձավ:


            * * *
Քանի՜ տարի է՝ եզան պես համառ
Պայքարում է նա պաշտոնի համար:
Պետեր են գալիս, պետեր են գնում,
Բայց տեղակալ է նա միշտ էլ մնում:


            * * *
Խաբեց՝ տուն քանդեց,
Լափեց՝ յուղ կապեց,
Իսկ երբ բռնվեց,
Իրար խառնվեց.
- Հա՜յ, հարա՜յ, հասեք,
Մարդիկ, օգնեցե՜ք,
Կերածս մարսեմ:


            * * *
Ոչ ջութակ էր նա՝ ջութակի նման,
Ոչ թութակ էր նա՝ թութակի նման:
Տեսան, որ մարդը խելք չունի կարգին,
Առաջ քաշեցին, դարձրին խմբագիր:


            * * *
                                           Մի քննադատի
Նա ունի ուրույն իր խոսքն ու ոճը,
Գնահատման հարցում անաչառ է խիստ,
Ծանոթի առջև շարժում է պոչը,
Անծանոթներին քացի է տալիս:


            * * *
Հարմար կաբինետ, փափուկ բազկաթոռ,
Շիք գրասեղան, երազներ բազում,
Թանաք, թուղթ, գրիչ, հաճելի անդորր...
Մուսան է միայն նրան պակասում:


            * * *
Այն ո՞վ է ասում, թե Նազար չկա,
Եվ նազարական ավազակ չկա,
Իբր հեքիաթ է Նազարը եղել,
Իբր վաղուց ենք Նազարին թաղել:
Նազարին, ճիշտ է, մենք նոր չենք թաղել,
Բայց արի ու տես, որ խոր չենք թաղել.
Հին Նազարն իր մեջ նոր Նազար սնել,
Հին Նազարից՝ նոր Նազար է ծնվել:
Եվ նոր Նազարն այս իր նախորդի պես
Ոչ թե անտեղի ճանճ է փախցնում,
Այլ ճանճերին է հերոս դարձնում:
1981 թ.


            * * *
Լինում է այնպես, հիմարն էլ հաճախ
Դառնում է հանճար,
Մեզ՝ խելոքներիս
Դասեր է տալիս,
Սովորեցնում, թե ինչպես անենք՝
Իր ձեռքով փոսը գլորած քարը
Այդ փոսից հանենք:
Եվ մենք, որ այնքան
Խելոք ենք կյանքում,
Հիմարին էլ ենք հաճախ ենթարկվում,
Նրա դհոլ ու զուռնի տակ պարում,
Մեծարում նրան ու ծափահարում:
Է՜հ, ես ի՞նչ ասեմ աշխարհին այս սին,


Հիմարի քարը մեր խելոք գլխին:

8.24.2014

ՊԱՅԾԱՌ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Վազգեն Օվյան՝ անհանգիստ սուր միտք, հզոր ասելիք և աներևակայելի աշխատասիրություն։ Վկան նրա վերջերս հրատարակված ստեղծագործություններն են, գրականության գրեթե բոլոր ժանրերում հավասարապես հանդես գալու տաղանդը։ Մանավանդ երգիծելու բնագավառում նա մրցակից չուներ։
Ընդհանրապես Վազգեն Օվյանի ստեղծագործության նշանակությունը բացառիկ է։ Դրա վառ օրինակը «Այս Ղարաբաղն է» փայլուն երկն է։ Կարդում եմ այն, և թվում է հեղինակը գրել է ոչ թե տարիներ առաջ, այլ այսօր, մեր օրերում։ Կանցնեն տարիներ, և երբ ստեղծվի Արցախի մասին գրական-գեղարվեստական մի անթոլոգիա, ապա անշուտ այն գլխավորելու է այդ շքեղ պոեմը։

Դա կոչ է, պատգամ՝ ուղղված նաև գալիք սերունդներին։ Դա հզոր տաղանդով հնչեցրած ղողանջ է, գեղարվեստական անգերազանցելի հարստություն, Արցախում ձեռք բերած մեծագործություններից մեկը։ Սա սովորական պատում չէ, այլ Արցախի դիմանկարը, ոգու խոյանքները, ինչու չէ, նաև հայրենի երկրամասի վսեմ նկարագիրը։

Ես գրեթե միակ արցախցին եմ, որ դեռևս ուսանողական տարիներին՝ 1962 թ. լուրջ խոսակցություն եմ ունեցել Վազգենի հետ, նրա «Թևան-դհոլ» երգիծական, ծաղրանկարային, պոեմի առնչությամբ։ Սակայն հետագա տարիներին մոտիկից շփվելով նրա հետ, զգացի, որ Օվյանը չափազանց ինքնատիպ և բնությունից շնորհված տաղանդավոր անհատականություն էր։ Բայց ինչպես ինքն էր խոստովանել, այդ ժամանակ լավ չգիտեր Արցախ-Ղարաբաղի պատմությունը։ Դրա համար էլ սկզբնական շրջանում տարվել էր ժամանակի մտայնության թեմաներով։

Մի բան սակայն պարզ է. գրել էր ստեղծագործական մեծ պաթոսով, իրեն հատուկ շիտակությամբ ու արվեստի բարձր չափանիշներով։ Այն գրել էր բոլոր հինգ զգայարանների արտասովոր լարումով ու տաղանդի փայլատակումով, ժամանակի գաղափարական արտահայտչական եղանակով։

Հաստատապես կարող եմ պնդել, որ Վազգեն Օվյանին էր վիճակված գրել Արցախում Ադրբեջանի իրականացրած քաղաքական ցեղասպանության պատմությունը՝ խտացված և ամբողջացված ներկայացնել բանաստեղծական ներշնչանքով։ Այլ խոսքերով՝ չափածո ժանրում ուրվագծել էր Արցախի վերապրած ողջ մղձավանջը, արցախցու ազատաբաղձ տանջանքները։

Վազգեն Օվյանը սովորական մահկանացու չէր, այլ պայծառ անհատականություն, մեծ հայրենասեր, բոլորիս աչքի առաջ հալվող-մաշվող, հայաթափվող Արցախի բանաստեղծը, մի ամբողջ սերնդի ճակատագրի պատմիչը։

ՇԱՀԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Երևան, սեպտեմբեր, 1999 թ.

4.28.2014

Ասք անմահության


(Հովհաննես Շիրազի հիշատակին)

Շիրազը Մասիս սարի բողոքն է
Ու հառաչանքը մեր Վանա ծովի,
Շիրազը Արաքս գետի մորմոքն է,
Անլուռ տանջանքը գերված Տարոնի:
Շիրազը հավերժ հոգու թրթիռ է:
Նոյի տապանից թռած աղավնին,
Մեսրոպ Մաշտոցի սրբացած գիրն է,
Տագնապի կանչը Ձենով Օհանի:
Շիրազն Ախթամար վանքի արցունքն է,
Չարից շղթայված Արտավազդ արքան,
Օտար ափերի հայի հարցմունքն է
Հայոց կռունկին՝ երկրից լո՞ւր չկա:
Շիրազը Սասնա հույսի Մհերն է,
Բախտի հենակը անտեր Սասնա տան,
Որբացած մանկանց արցունքի լեռն է՝
Լցված բաժակը ծով համբերության:
Շիրազն Անին է մեր ավերակված,
Արյունով գրված մեր պատմությունը,
Եվ մոխիրներից հրաշքով հառնված,
Վերածնված մեր Փյունիկ թռչունը:
Շիրազը գերված մեր Կարս քաղաքն է
Ու գետը Եփրատ՝ վշտից խելագար,
Մեր ոգու ցասումն ու աղաղակն է-
Ընդդեմ աստծո՝ կույր ու խլականջ:
Շիրազը հայոց դարավոր հարցն է
Եվ հարցականը չլուծված հարցի,
Շիրազը՝ պանդուխտ այն հայի լացն է,
Որ մոլորվել է ճամփեքին դարձի:
Շիրազը երգի գարնանամուտն է,
Գարնան հեղեղ է ու գարնան որոտ,
Երկնքում թևող զանգակ-արտույտ է,
Շողով ու ցողով բացվող առավոտ,
Շիրազն այն հզոր սիրո կրակն է,
Որ սրտերի մեջ երբեք չի մարում,
Եվ հայրենաշեն այն մեծ բանակն է,
Որի զինվորը չի դավաճանում:
Շիրազն հյութն է մեր անուշ խաղողի,
Կարասների մեջ գժվող մաճառը,
Շաղիկներ դարձած ժպիտն է հողի
Ու մեր դպրության անմահ հանճարը:
Շիրազն իմաստուն մեր ապուպապն է,
Մեր գերդաստանի մանուկն է անեղձ,
Եվ ավանդական մեր երգի թափն է՝
Նարեկից մինչև Եղիշե Չարենց:
Շիրազը մեր շեն օջախի ծուխն է,
Կարոտի լեռը ու խիղճը անբիծ,
Մեր ցավից պոռթկված այն հրաբուխն է,
Որ շպրտում է իր խառնարանից
Հրի փոխարեն՝
Լալ ու գոհարներ:
Շիրազն հավերժի հավերժող ձայնն է՝
Դարերից եկած՝ ուղղված դարերին,
Շիրազը հայոց վշտի արձանն է
Ու մոնումենտը գալիք օրերի:
Շիրազը չքնաղ մեր Երևանն է,
Արցախն ու Վանը, Եփրատն ու Անին,
Մեր Հրազդանն ու Մարութա սարն է,
Կապույտ ծփանքը՝ հրաշք Սևանի:
Շիրազը միշտ կա,
Մասիսը վկա,
Վկա Արագածն
Ու Սիսը վկա-
Քանի ապրում ենք այս երկնքի տակ-
Շիրազով պիտի մեր սիրտը բանանք,
Շիրազով պիտի չափենք մեր թափը,
Հայոց Շիրազով պիտի իմանանք
Մեր ոգու ուժն ու մեր սիրո չափը:

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
1984 թիվ, 17-ին մարտի

4.26.2014

Հարևանություն


Ես և Սեդրակ Մարգարիչը տասը տարվա պատը պատին հարևաններ ենք, և այդ տասը տարում իրար դեռ ոչ մի անգամ ցուրտ խոսք չենք ասել։ Բնակարանամուտի առաջին օրը նստած հեռուստացույց էի դիտում, մեկ էլ հանկարծ՝ թա՛խկ-թըրա՛խկ, թա՛խկ-թըրա՛խկ, թա՛խկ-թըրա՛խկ, և միջնապատի ծեփը շռնդալով թափվեց նոր գնած բազմոցի վրա։

- Սեդրակ Մարգարի՛չ,- գոռացի,- այդ ի՞նչ բանի եք։
- Բան չկա, հարևան ջան,- պատասխանեց,- մի երկու մեխ է, հիմա կվերջացնեմ։
Երբ նա վերջացրեց իր երկու մեխը, ես իսկույն խանութ վազեցի, կես կիլո մեխ գնեցի ու սկսեցի շարել պատին՝ թա՛խկ-թըրա՛խկ, թա՛խկ-թըրա՛խկ...

Հիմա էլ Սեդրակ Մարգարիչը սկսեց այն կողմից.
- Արամ Ազատի՛չ, ի սեր աստծո, մի քիչ կամաց, պատին սվաղ չմնաց։
- Բան չկա, Սեդրակ Մարգարիչ,- պատասխանեցի,- մի կես կիլո մեխ է, շուտով կվերջացնեմ։

Երկու ամսից հետո Սեդրակ Մարգարիչն իր կնոջ ծննդյան օրն էր նշում։ Բաժակաճառեր, ծափ, ծիծաղ, աղմուկ ու աղաղակ։ Մրցություն էր ծավալվել, բոլորն էլ ուզում էին մեկը մյուսից բարձր գոռալ։
Բռունցքով ծեծեցի պատը՝ չլսեցին։ Կոշիկներով ծեծեցի՝ չլսելուն դրեցին։ Սկսեցի մուրճով ծեծել։

- Սեդրակ Մարգարի՜չ, խնդրում եմ մի քիչ կամաց, գլուխս պայթում է։
Սեդրակ Մարգարիչը գինով էր, բարձր տրամադրությամբ պատասխանեց.
- Հարևան ջան, ցավդ տանեմ, խնդրում եմ վատ բան չկարծես, այս աղմուկը բարի նպատակների աղմուկ է։

Հաջորդ կիրակի հավաքեցի մեր բակի հայտնի աղմկարարներին ու սկսնակ կլարնետիստներին և կնոջս ծննդյան օրն այնպիսի մակարդակով նշեցի, որ Սեդրակ Մարգարիչի նյարդերը չդիմացան, գլուխն առավ ափերի մեջ ու շատ քաղաքավարի բղավեց.
- Արամ Ազատի՛չ, ախր, գիշերվա ժամը մեկն է:
- Խնդրում եմ ներող լինեք, հարևան ջան,- պատասխանեցի,- այսօր կնոջս ծննդյան օրն է, կաշխատեմ առավոտյան ժամը վեցին լավ հարևանների կենացով ամեն ինչ հաջողությամբ վերջացնել։

Ձմեռնամուտին Սեդրակ Մարգարիչն իր բնակարանում վառարան դրեց, և խողովակը հրացանի փողի պես ուղղեց դեպի մեր պատշգամբը։
- Սեդրակ Մարգարի՜չ,- ասացի,- թույլ տվեք իմանալ, այս ի՞նչ ծուխ է։
- Բան չկա,- պատասխանեց,- փայտ չունենք, թեփ ենք վառում։

Ես, առանց երկար-բարակ մտածելու, իսկույն մեր վառարանի խողովակը հեռահար հրանոթի փողի պես ուղղեցի դեպի նրանց պատշգամբը։
- Արամ Ազատի՜չ,- վիզը պատշգամբից ձգեց Սեդրակ Մարգարիչը,- ախր, խեղդվեցինք, այս ի՞նչ զզվելի ծուխ է։
- Դատարկ բան է,- պատասխանեցի,- մազութ չեմ գտել, ստիպված սոլյարկա ենք վառում։

Սեդրակ Մարգարիչն իր աղջկա համար դաշնամուր գնեց, իսկ ես դաշնամուրի ձայնը խլացնելու նպատակով, տղայիս համար դհոլ գնեցի, ինձ համար՝ զուռնա, կնոջս համար՝ գալարափող, աղջկաս համար՝ ջութակ։
Սեդրակ Մարգարիչը մի պստիկ շուն գնեց, իսկ ես մեր բնակարանում տեղավորեցի գայլախեղդ հսկա մի գամփռ։ Երբ այն կողմից Սեդրակ Մարգարիչի խղճուկ շնիկը «ծա՛վ-ծա՛վ» էր անում, մեր գամփռն այնպիսի բասով էր պատասխանում, որ ամբողջ շենքը դղրդում էր։

Եթե վաղը Սեդրակ Մարգարիչը հանկարծ փորձի իր բնակարանում արջ պահել, ես Աֆրիկայից կամ Հնդկաստանից փիղ բերել կտամ։